Գյումրիում գտնվող Ֆրունզիկ Մկրտչյանի տուն թանգարանը հոսանքազրկված չէ և այս պահին էլ հոսանք կա: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:

Հիշեցնենք, որ երեկ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Նկարահանումներ էինք անցկացնում Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում... Երբ խնդրեցի շատ բարեհամբույր աշխատողներին, որ հոսանք միացնենք, չհասկացա, թե ինչ կատարվեց.... Մարդիկ գլուխները կախեցին ու իրար երես նայեցին... Կարճ ասեմ. հոսանքի փող չվճարելու համար անջատել էին 2 օր ա հոսանքը....»:

Մհեր Մկրտչյանի տուն թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց, որ անջատումները տևել են ընդամենը 15 րոպե: «Քաղաքապետարանը մեզ ֆինանսավորում է, ֆինանսական խնդիրները լուծում է, դա ընդամենը թյուրիմացություն է եղել»«-իր խոսքում նշեց Շողիկ Մելքոնյանը հավելելով.

«Երբ նա եկավ մեզ մոտ, մենք պահի տակ լույս չունեինք, հենց գնացին անմիջապես լույերը տվեցին: Ես չգիտեի թե ինչքան ժամանակով կանջատեն, որովհետև ամբողջ թաղամասն էր հոսանքազրկված, դա մեզ հետ կապված չի եղել»:

Վերջինս հայտնեց, որ ցանկանում է ԶԼՄ-ներին պարզաբանում տալ և իր վրդովմունքը հայտնել, որ այս քահլով փորձ է արվում վարկաբեկել իրենց աշխատակազմը:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը մեզ հայտնեց, որ կփորձի հավելյալ տեղեկատվություն տրամադրել` հոսանքազրկման վերաբերյալ:

«Քաղաքապետարանը ժամանակին կատարում է թանգարանի ֆինանսական փոխանցումները և եթե Սամվել Բալասանյանի պաշտոնավարման սկզբում մենք ժառանգել էինք պարտքեր աշխատավարձերի գծով, ապա այժմ նման պարտքեր ևս չկան»,-իր խոսքում նշեց Զոհրաբ Եգանյանը: