Իրանական Tasnim գործակալությունը հրապարակել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ երկրից հեռանալու տեսանյութը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը բարձրանում սանդուղքով, ձեռքը թափահարում և մտնում Kam Air-ի ինքնաթիռ:

«Թալիբան» արմատական շարժումը Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանիին առաջարկել է խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, սակայն նա փախել է երկրից:

«Մենք նախագահ Ղանիին առաջարկեցինք խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը՝ անվտանգության վակուումից խուսափելու համար, սակայն նա փախավ», – հեռուստաալիքը մեջբերում է «Թալիբան» շարժման ներկայացուցչի խոսքերը:

Ավելի վաղ տեղեկություններ են հայտնվել առ այն, որ «Թալիբան»-ն արդեն միացել է նախագահական խորհրդին և, ինչպես ասում են, մի քանի ժամվա ընթացքում կստանձնի Աֆղանստանի մայրաքաղաքի լիակատար վերահսկողությունը:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, իրադարձությունների ֆոնին թալիբները Քաբուլի բնակիչներին կոչ են անում անվտանգության նկատառումներով մնալ իրենց տներում: