Բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրեր շարունակ, ցավոք՝ ապարդյուն, սպասում եմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայտարարություններին։
Դեռ 2020-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արագ տեմպերով վերականգնում է պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորուստները և, մասնավորապես, Չինաստանից գնում մի քանի հարյուր ժամանակակից տանկեր։ Բնական է, որ գնում կամ անհատույց ստանում է զանազան տեխնիկայի նմուշներ Թուրքիայից։ Եվ ահա, նույն այն օրերին, երբ Շոյգուն փաստացի միայն դաշույն էր նվիրում ու խոստանում հայկական բանակը վերազինել, նույն Ադրբեջանը 2 մլրդ դոլարի պայմանագիր է կնքում Իսրայելի հետ։ Համեմատության համար նշեմ, որ ժամանակին Ռուսաստանից գնված մեր զենքի ամենամեծ խմբաքանակի գինը տասն անգամ պակաս էր ու կազմում էր 200 մլն…
Ավելին, այդ նույն պահին Ալիևն իրեն թույլ է տալիս հոխորտալ ու պահանջել հայերին զենք չտալ, իսկ ՀՀ արտաքին գերատեսչությունը, կառավարությունը, վարչապետը լռում են…
Էսպես իսակապես չի կարող շարունակվել։ Ժողովուրդն իհարկե ուզում է խաղաղություն, բայց երբեք ոչ անատամ անգործություն և նվաստացում…»։