ԻՀՊԿ օդուժի հրամանատար Սարդար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ կոշտ կպատասխանեն ցանկացած ռեժիմի կամ խմբի կողմից Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի: Այս մասին գրում է Pars Today-ը։

Սարդար Ամիր Ալի Հաջիզադեն, ԻՀՊԿ օդուժի ավիատիեզերական ցուցահանդես այցելած օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե ԱՄՆ-ը չի կարող դիմակայել Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի և աշխարհի ազատ երկրներին և քայքայվում է ներսից:

«Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները խոչընդոտում են որոշ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղերին ԻԻՀ հասանելիությանը»,-ասել է նա։

ԻՀՊԿ օդուժի հրամանատարը հավելել է, որ այսօր բոլորի համար պարզ է, որ եթե չլիներ գեներալ Սոլեյմանիի պայքարը, բացի տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունից, նրանք կտղափոխվեին նաև Եվրոպա և տարածաշրջանի այլ երկրներ:

«Իհարկե, Իրանը շարունակելու է նահատակ Սոլեյմանիի սպանության հեղինակներին պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերը և նրանք չեն խուսափելու պատասխանատվությունից։ Իրանի ժողովուրդը դիմակայել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների առավելագույն ճնշմանն ու պատժամիջոցներին և հաղթել է այդ պայքարում»,-ասել է գեներալ Հաջիզադեն։