Երեկ ՀՀ ԱԽ տխրադալուկ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե գիշերը Բաքուն մաքսակետ է տեղադրելու Գորիս-Կապան ճանապարհի հատվածում, հայկական կողմն էլ իր հերթին է դնելու մաքսակետեր։ Երեկ հայտարարվեց, որ պատրաստ է այդ հատվածը շրջանցող ճանապարհը՝ Տաթեւով։ Այսինքն, նույն օրը հայտարարվեց ՀՀ-ում նոր ճանապարհի բացման եւ Բաքվի մաքսակետի մասին, ինչը վկայում է ստվերային պայմանավորվածությունների մասին։

Արժե թվարկել նախօրեին տեղի ունեցած մի քանի իրադարձություն՝ Շուշիի մոտ ռուս խաղաղապահների ներկայությամբ հայ խաղաղ բնակչի սպանություն, Լաչինի միջանցքի փակում «քննչական գործողությունների համար», բախում Սեւ լճի շրջանում։ Հայտարարվել էր Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին, որի ժամանակ պետք է ստորագրվեին սահմանազատման եւ խաղաղ պայմանագրեր։ Սակայն Կրեմլի խոսնակն ասել է, որ հանդիպման վերաբերյալ որոշակիություն չկա։ Մինչ այդ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ «ՀՀ տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ ՀՀ ինքնիշխանության հարգվելու է»։ Իսկ Երեւանում ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտարարել էր, որ հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն լինելու։

ՌԴ այս հայտարարություններին անդրադարձել ենք, դրանք բնականաբար որեւէ արժեք չունեն, քանի որ գործարքն արդեն տեղի է ունեցել, ներկայում իրագործվում են դրա «հավելվածները»։ Մոսկվայի ու նրա տեղական կատարածուների շաղակրատանքն ընդամենը մատնում է իրականությունը։ Տվյալ պարագայում խոսքը Հայաստանին պարտադրվող սահմանազատման մասին է, եւ Գորիս-Կապան օկուպացված ճանապարհահատվածին մաքսակետերի տեղակայումը դրա վկայությունն է։

Պուտին-Ալիեւ-Փաշինյան գողաբարո ձեւաչափում երեւի որոշվել է սկսել հակառակից՝ սահմանազատումն իրականացնել «հետնամուտքից»՝ առանց դրա վերաբերյալ որեւէ իրավական հիմքի՝ պայմանագրի։ Բանն այն է, որ Մոսկվայում հասկացել են, որ սահմանազատման ու միջանցքների հարցերում անցնում են իրենց համար ճակատագրական գծերը։

Գողաբարո եռյակի գործողություններն ի սկզբանե հանցագործություններ են եւ այդպիսին էլ լինելու են։ Իսկ գեղեցիկ հայտարարություններն ու հավաստիացումներն ընդամենը քողածածկույթ են, այդ թվում՝ 1920-ականների քարտեզների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները՝ եթե այդ քարտեզներն են լինելու իրավական հիմքը, ապա ճանապարհի այդ հատվածը, ինչպես նաեւ շատ այլ տարածքներ, պետք է անցնեն Հայաստանին։

Մաքսակետերի տեղադրումն այլ հանգամանք էլ է հուշում․ եթե պատրաստ է այլընտրանքային ճանապարհը, եւ Գորիս-Կապան ճանապարհով հայկական կողմից փաստացի երթեւեկություն չի լինելու, ինչի համար են տեղադրվում մաքսակետերը։ Դա ենթադրում է, որ երթեւեկություն լինելու է Բաքվից՝ Գորիսով կամ Կապանով դեպի Նախիջեւան։ Նիկոլ Փաշինյանը չի դադարում կրկնել, որ «Ադրբեջանը ՀՀ տարածքով պետք է ճանապարհ ունենա Նախիջեւանի հետ»։ Իրենք միջանցք են ասում, մենք ճանապարհ՝ ասում են Փաշինյանի կուսակիցները։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/11/11/680618/