««Ժողովուրդ»–ի խմբագրություն ահազանգած Դավիթ Անհաղթի պոլիկլինիկայի մի շարք աշխատակիցներ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, դժգոհում էին, որ իրենց տնօրինությունը ստիպում է գնել 2000-դրամանոց «Արցախ» լոտո։ Խոսքը ԼՂՀ իշխանությունների կազմակերպած վիճակախաղի մասին է, որով խաղարկության են դրվելու Լեռնային Ղարաբաղում արտադրվող ապրանքներ ու բնակարաններ Ստեփանակերտում, իսկ տոմսերի վաճառքից ստացված գումարները ներդրվելու են Արցախի վերաբնակեցման գործին։ Երբ պոլիկլինիկայի աշխատակիցների մի մասը հրաժարվել է վիճակախաղի տոմս գնել, տնօրինությունը սպառնացել ու մինչ ուրբաթ օրը ժամանակ է տվել։

«Այդ վիճակախաղի նպատակը մեկն է՝ Արցախում վերաբնակեցման խնդիրը լուծել, բայց խոսքն այնպիսի գումարի մասին է, որը մեր օրվա հացի փողն է, ու այլ ելք չունենք։ Օգնենք մեզ»,–ասաց պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկը։ Մեզ հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը, բնականաբար, հերքեց այդ լուրը՝ ասելով, թե պարտադրանք չի եղել, և բոլորն իրենց ցանկությամբ են այն վերցրել։ Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ տնօրինությունը մեր զանգից անմիջապես հետո աշխատակիցներին պարտադրել է արագ հավաքել տոմսերի գումարները։ Իսկ Երևանի քաղաքապետարանից, որի ենթակայության տակ է գտնվում պոլիկլինիկան, խոստացան գնալ ահազանգի հետքերով ու պատժել մեղավորներին»,–գրում է «Ժողովուրդը»: