Երբ Բաքուն «մաքսակետ» տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհի հայտնի հատվածում, արդեն պարզ էր, որ նպատակը դեպի Նախիջեւան ավտոճանապարհն է։ Առավել եւս, որ ՀՀ կառավարությունն էլ հայտնեց մաքսակետեր տեղադրելու մասին։ Նոյեմբերի 16-ին Բաքուն հարձակում ձեռնարկեց Սիսիանի ուղղությամբ, որտեղով անցնում է դեպի Նախիջեւան ճանապարհը։

Բրյուսելի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, թե Փաշինյանն ու Ալիեւը համաձայնության են եկել երկաթուղու հարցով, սակայն ավտոճանապարհի հարցում՝ ոչ։ Սակայն երեկվա ասուլիսում Փաշինյանն ավտոճանապարհի վերաբերյալ իրեն բնորոշ երկար-բարակ բառախաղերով էր խոսում, թե ինչպես են Ալիեւի հետ փորձել «մտնել մանրամասների մեջ»։


Բաքուն օրերս բենզալցակայան է կառուցել Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում։ Եթե այդտեղով մեքենա չի անցնում, ի՞նչ իմաստ կար բենզալցակայան կառուցելը։ Իմաստը հենց դեպի Նախիջեւան ճանապարհի գործարկումն է։ Իր հերթին, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, ըստ տեղեկությունների, տեղակայվելու են ճանապարհին, Բաքվի շարասյուները ուղեկցելու համար։


Մոսկվայի բարձր հովանու ներքո «հետպատերազմյա կարգավորումը» տեղի է ունենում հետնամուտքից, գաղտագողի որոշումներով, որոնց մասին հետո Փաշինյանը ծամծմելով բացատրություններ է տալիս։ Նրա դերակատարությունը «հետպատերազմյա կարգավորման» հարցում հենց դա է։ Ընդ որում, նկատելի է, որ շատ հաճախ նա այդ որոշումների մասին տեղեկանում է պոստֆակտում։ Օրինակները բազմաթիվ են։ Փաշինյանի եւ գործադիրի այլ պաշտոնյաների հայտարարություններին պետք է մոտենալ այս իրողությունը նկատի առնելով։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/12/25/690140/