«Ստիպված եմ անդրադառնալ Ադրբեջանի կողմից վարվող հերթական հայատյաց գործողություններին, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի՝ հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ հայտարարությանը»,- այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

«Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, ինչպես նաև հիշեցնել, ԵՄ մեր գործընկերներին, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավերելու քաղաքականությամբ»,- նշեց նա։ «Ո՞ւմ են նրանք ուղղում այդ միլիարդները և ի՞նչ նպատակներով են դրանք օգտագործվելու»,- նկատեց պատգամավորը։