2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված միգրացիոն պահանջներում որոշակի մեղմացումներ են եղել: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը տեղեկացրեց, որ այդ մեղմացումներն ուժի մեջ են մտել մարտի 1-ից: Դեկտեմբերի 29-ից Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ՌԴ-ում անցնել բժշկական հավաստագրում, ոստիկանությունում հանձնել մատնահետք, անցնել լուսանկարահանում: Պահանջներում կատարվել է երեք ուղղությամբ մեղմացում, երեքն էլ վերաբերում են բժշկական հավաստագրին:

Ի՞նչ է իրենից ենթադրում բժշկական հավաստագրումը: Որտե՞ղ կարող են քաղաքացիներն

անցնել բժշկական ստուգումը և ի՞նչ մեղմացումների մասին է խոսքը:

Իրինա Դավթյանը նշեց, որ ՌԴ մուտք գործելիս անհրաժեշտ է անցնել երկու խումբ բժշկական հետազոտություն: Մեկը օրգանիզմում թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի առկայությունը բացահայտելու նպատակով նախատեսված հետազոտությունն է:

«Դա արվում է այն նպատակով, որ հնարավոր լինի բացահայտել, թե արդյոք տվյալ քաղաքացին օգտագործում է թմրանյութեր, հոգեմետ նյութեր: Հաջորդ հետազոտությունը վերաբերում է ինֆեկցիոն հիվանդություններին՝ թոքախտ, բորոտություն, սիֆիլիս, ՄԻԱՎ: Ասեմ, որ մինչ մեղմացումները ցանկի մեջ ներառված էր COVID-ի հետազոտությունը ևս, սակայն նոր հրամանով մարտի 1-ից այդ թեստը հանձնելու պահանջ չկա»,-ասաց Իրինա Դավթյանը:

Հաջորդ մեղմացումը վերաբերում է հոգեմետ նյութերի, թմրանյութերի օգտագործումը բացահայտելու նպատակով հետազոտության ենթարկվող անձանց տարիքային փոփոխությանը: Մինչ մեղմացումը նման հետազոտություն պետք է անցնեին 6 տարեկանից բարձր բոլոր անձինք: Նոր փոփոխությամբ տարիքային շեմը բարձրացվել է և արդեն այդ հետազոտությունը պետք է անցնեն 13 տարեկանից բարձր անձինք:

Երրորդ մեղմացումն այն է, որ սկզբում սահմանված էր, որ այդ բժշկական տեղեկանքներն ուժի մեջ պետք է լինեին երեք ամիս, սակայն ժամկետը երկարաձգվել է, այժմ ուժի մեջ է լինելու մեկ տարի:

Ո՞ր դեպքերում է միգրացիոն պահանջները տարածվում ՌԴ մուտք գործող անձանց վրա:

Նրանք, որոնք մեկնում են աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում նշել են աշխատանք նպատակը, պետք է անցնեն այդ ընթացակարգերը ՌԴ մուտք գործելու օրվանից հաշված 30 օրացույցային օրվա ընթացքում:


90 օրից ավելի ժամկետով, բայց ոչ աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործողները՝ աշխատանքային միգրանտի ընտանիքի անդամներ, ուսանողներ կամ այլ նպատակով 90 օրից ավել մնացողներ, պետք է անցնեն ընթացակարգերը 90 օրացույցային օրվա ընթացքում՝ ՌԴ մուտքի օրվանից հաշված:

Ո՞ր դեպքերում ընթացակարգերն անցնել չի պահանջվում:

Կարճաժամկետ՝ մինչև 90 օր ժամկետով, ՌԴ մեկնողներից՝ մասնավոր, գործնական այց, բուժում, այս ընթացակարգերն անցնել չի պահանջվում: ՌԴ-ում բնակության ժամանակավոր թույլտվություն (РВП) և բնակության թույլտվություն (Вид на жительство) ունեցող քաղաքացիների վրա այս գործընթացներով անցնելու պարտավորությունը չի տարածվում: Պահանջները պարտադիր չեն նաև մինչև 6 տարեկան երեխաների, միջազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձանց, ՌԴ-ում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների համար: