«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ Արթուր Գեւորգյանի գույքը եւս կալանքի տակ է, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի դղյակը: Նա եւս սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով դիմել է դատարան:

Դատարանը բավարարել է Գեւորգյանի հայցը եւ քննիչին պարտավորեցրել վերացնել Գեւորգյանի իրավունքների խախտումները: Ստացվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն ջանասիրությամբ, ինչպես Հովիկ Աբրահամյանի առանձնատան դեպքում է արել, պետք է Գեւորգյանի գույքը եւս կալանքից հաներ, սակայն մինչ օրս չի արել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե` հասկանալու համար, թե ինչու նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի գործով գույքի նկատմամբ արգելանքը չեն հանել, եթե Առաջին ատյանի դատարանը նման որոշում է կայացրել, Վերաքննիչն էլ դատախազության բողոքը մերժել է, իսկ Հովիկ Աբրահամյանի տան մասով կողմնակալություն է արվել: Ի պատասխան՝ Կոմիտեից հայտնեցին. «Գործը նախաքննության փուլում է, եւ այս պահին նպատակահարմար չեն համարում այդ մասին տեղեկատվություն տալ»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում