Այսօր՝ ապրիլի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:50-ի սահմաններում, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Երևանի բնակիչներ, 35-ամյա Գագիկ Գ.-ն ով ստացել է աջ ստորին վերջույթի հրազենային վիրավորում և 43-ամյա Ռոմեո Հ-ն, ով ձախ զստային շրջանի և ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում է ստացել: Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող շենքի բակից:

Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված 1 գնդակ, 1 պարկուճ և ավտոմեքենայի կոտրված դետալներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում հայտնաբերելու համար արդեն օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ են կատարվում: Հայաստանից դուրս մեկնող օդային և ցամաքային սահմանները կասկածյալի համար արդեն փակ են: