Երեւանը մտադիր է վավերացնել «ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը։

Հայաստանը միանում է 2020թ. մայիսի 29-ին Մոսկվայում կնքված ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ համակարգ ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ներկայացնելով ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


Այսպես, երկիրն առանձին որոշում կկայացնի փաստաթղթի դրույթների կիրառման վերաբերյալ այն երկրների նկատմամբ, որոնք միանում են փաստաթղթին 2020թ․ մայիսի 29-ից հետո։ Փոխնախարարը պարզաբանեց, որ փաստաթղթին չեն միացել Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան եւ Ուկրաինան։

«Հայաստանը ցանկացած պահի կկարողանա դուրս գալ Համաձայնագրից՝ 6 ամիս առաջ տեղեկացնելով այդ որոշման մասին եւ փոխհատուցելով նշված փաստաթղթի շրջանակում արդեն կատարված աշխատանքների գումարները։ Փաստաթղթի դրույթների համաձայն՝ Ռուսաստանում կստեղծվի կապի կառավարման կենտրոն, եւ պետություններից յուրաքանչյուրը կաշխատի միայն այս կենտրոնի հետ։ Այսինքն՝ միայն Ռուսաստանի հետ։ Այսպիսով, բացի Ռուսաստանից, ոչ մի այլ պետություն հասանելիության չի ունենա մեր կապի նկատմամբ»,-վստահեցրեց փոխնախարարը։

Համաձայնագրի կողմերը կօգտագործեն անվտանգ հեռախոսային եւ տեսահաղորդակցության նոր ժամանակակից տեխնիկական հնարավորություններ։

Այս փաստաթղթի շրջանակում ստեղծված զինված ուժերի կապի միասնական համակարգը նպատակ ունի լուծել միանգամից մի քանի խնդիր։ Դրանց թվում՝ կապի պահանջվող ծառայությունների մատուցում եւ բոլոր տեսակի տեղեկատվության փոխանակման ապահովում զինված ուժերի հրամանատարության եւ կառավարման համակարգում եւ մասնակից պետությունների զինված ուժերի միջեւ ռազմական ոլորտում, ԱՊՀ ձեւաչափով ստեղծված փոխգործակցության համատեղ համակարգերի գործունեության ապահովում եւ այլն։

Բացի այդ, միավորված կապի համակարգի համաձայնեցված զարգացումն ապահովելու համար մասնակից պետություններն ապահովում են համակարգերի, համալիրների եւ ռազմական հաղորդակցության միջոցների զարգացման հաջորդականությունը՝ հիմնված դրանց արդիականացման եւ գիտատեխնիկական աշխատանքների իրականացման վրա: