Ռուս խաղաղապահներն արգելել են ՀՀ ԱԺ Հայաստան ու Պատիվ ունեմ դաշինքների պատգամավորների մուտքը Արցախ։ Պատգամավորներին այդպես էլ ռուս զինվորականները բացատրություն չեն տվել, թե որն է պատճառը։ Մուտքի արգելքը վերացված չէ մինչ այժմ։


Պատգամավորները հայտարարում են, թե դա Ալիեւ-Փաշինյան պայմանավորվածության արդյունք է, նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, թե այդպիսով խաղաղապահներն ընդդիմադիր պատգամավորներին փրկել են Արցախում սպասվող սադրանքներից։ Ռուսանպաստ այս ընդդիմադիրներին կարելի է հասկանալ՝ նրանց վերջին տարիների քաղաքական ողջ «հայեցակարգը» փլուզվել է ռուս զինվորականների մի գործողությամբ, որը դժվար է խոստովանել։

ՀՀ ԱԳՆ-ն ու վարչապետը հայտարարել են, որ պատգամավորների մուտքի արգելքը Արցախ հակասում է եռակողմ հայտարարության դրույթին, որը վերաբերում է Լաչինի միջանցքով Հայաստանի ու Արցախի միջեւ անխափան տեղաշարժին։ Թե ինչ է արվում այս խոչընդոտը վերացնելու համար՝ դեռեւս տեղեկություններ չկան։

Ռուսական կողմից մինչ այս պահն արձագանք չկա՝ իրե՞նց նախաձեռնությունն է դա, թե Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունը, ինչպես պնդում են հայ պատգամավորները։ Ընդ որում, նրանք արգելել են այն պատգամավորների մուտքը, որոնք Արցախի եւ այլ հարցերում լիովին աջակցում են Ռուսաստանին եւ գտնում են, որ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն ուղղված են Ռուսաստանի դեմ։

Եռակողմ հայտարարությունը խախտվել է նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, երբ օրինակ փակվեցին գործող հաղորդակցությունները։ Եւ եթե դրանք ինչ որ «հիմնավորումներ» ունեին, ապա Ուկրաինա ներխուժելուց առաջ՝ փետրվար 22-ին Պուտինի ու Ալիեւի ստորագրած ռազմավարական համագործակցության հայտարարությունն ըստ էության չեղարկում է եռակողմ հայտարարությունը։ Դրանից հետո տեղի ունեցան Քարագլխի իրադարձություններն ու պատգամավորների մուտքի արգելքը։ Ի դեպ, Ալիեւն իր գործողություններն արդարացնում է հենց փետրվարի 22-ի թղթով։


Պատգամավորների մուտքի արգելքը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում, ինչը կապված է Ուկրաինայի շուրջ զարգացումներով՝ Կովկասից ՌԴ անխուսափելի նահանջով։ Մինսկի խմբի չեղարկման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները նախանշում են Կովկասը թուրքերին հանձնելու ծրագրերը։ Լաչինի միջանցքում նախադեպ է ստեղծվում, եւ գուցե խորհրդարանը կազմող ուժերը դատարկ բանավեճերի փոխարեն մտածեին այդ հարցերի շուրջ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/04/13/711024/