Ռուսական գազի մատակարարումների հետ կապված բոլոր տեխնոլոգիական բարդությունները բխում են արեւմտյան սահմանափակումներից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ցանկացած տեխնոլոգիական բարդություններ, որոնք կապված են դրա հետ, բխում են այն սահմանափակումներից, որոնք ներդրել են հենց եվրոպական պետությունները։ Ավելի ճիշտ՝ ոչ թե պետությունները, այլ Եվրամիությունը։ Հենց այս սահմանափակումները թույլ չեն տալիս վերանորոգել սարքավորումները, այդ թվում՝ տուրբինները, որոնք աշխատում են սեղմման կայաններում։ Եվ հենց այդ սահմանափակումներն են հանգեցնում նրան, որ որոշ ստորաբաժանումներ ներկայումս չեն կարող ստանալ անհրաժեշտ ծառայությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


Նրա խոսքով, հենց այս սահմանափակումներն են եվրոպացիների խնդիրների պատճառը, մինչդեռ «Գազպրոմը» պատրաստ է ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները։

«Վերջին օրերին մենք բազմաթիվ կշտամբանքներ ենք լսում։ Եվ տիկին (Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա) ֆոն դեր Լյայենը, եւ ԵՄ այլ ներկայացուցիչներ, նաեւ եվրոպական մայրաքաղաքներից, մեզ մեղադրում են, որ Ռուսաստանը գազային իրավիճակը օգտագործում է շանտաժի, քաղաքական ճնշման եւ այլնի համար։ Թեհրանում, ինչպես նաեւ երեկ կայացած ՌՆԳ-ի (Ռազմավարական նախաձեռնությունների գործակալություն-խմբ.) գծով հայտարարություններում նախագահ Պուտինը շատ սպառիչ բացատրեց, որ չի կարելի խոսել որեւէ ճնշման կամ շանտաժի մասին»,- ասել է Պեսկովը։