Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Երեւանի «Սուրմալու» շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ մտերիմներին, հայտնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել է առնվազն վեց մարդ, տուժել է ավելի քան 60 մարդ։


«Երեւանում հզոր պայթյունի մասին հաղորդումները ցնցում են։ Ցավակցում ենք ողբերգության զոհերի ընտանիքներին եւ մտերիմներին։ Բոլոր տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում։ Համերաշխ ենք մեր հայ ընկերների հետ այս դժվարին պահին»,- գրել է Վրաստանի ԱԳՆ-ն Twitter-ում։

Կիրակի կեսօրին Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնի մոտ գտնվող մեծածախ շուկայում պայթյուն էր որոտացել՝ փլուզումներ եւ ուժեղ հրդեհ առաջացնելով։
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել միայն այսօր առավոտյան։ Փրկարարա-որոնողական աշխատանքները շարունակվում են։

Անհետ կորած այս պահին համարվում է 16 մարդ։