Այս տարվա մայիսին Քեյփթաունի (ՀԱՀ) մոտ գտնվող Կոմեջի լողափին հայտնաբերվել էր մեռած հսկա կաղամար, որը վախեցրել էր տեղի բնակիչներին ու հետաքրքրել գիտնականներին։ Օգոստոսի 16-ին, այստեղ հայտնաբերվել է հերթական հսկա կաղամարի դիակը, գրում է Popular Mechanics-ը։

Հսկա կաղամարները Architeuthidae ընտանիքի գլխոտանիներ են, որոնք իսկապես կարող են մեծ չափերի հասնել: Կան վկայություններ, որ ծովի խորքերում ապրող այս հսկաների երկարությունը հասնում է 12-13 մետրի:

Երբ ջուրն ափ է նետում հսկա կաղամարի դիակ, դա միշտ անհավատալի տեսարան է: Մայիսին, երբ Կոմեջիի լողափին նկատել էին մեռած կենդանուն, տեղացիներն արագ մասնատել էին մարմինը՝ որպես հուշանվերներ․ մեկին հսկայական կտուցն էր հասել, մյուսներին՝ շոշափուկներն ու աչքերը: Ըստ ամենայնի, այդ հսկա կաղամարը դժբախտ պատահարի զոհ է դարձել՝ նա մահացու վնասվածքներ է ստացել նավակի պտուտակից։

Նոր դիակը գրեթե ամբողջական է նետվել լողափ, սակայն երբ դեպքի վայր են ժամանել Հարավային Աֆրիկայի Իզիկո թանգարանի ներկայացուցիչները, պարզվել է, որ ինչ-որ մեկը կտրել է սատկած կաղամարի կտուցը։ Մասնագետները մի քիչ վրդովվել են այս փաստից, սակայն նրանք, այնուամենայնիվ, ստացել են կենսաբանական նմուշներ՝ գենետիկական հետազոտությունների համար։