Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի հյուսիսում գտնվող ջրամբարի ջրի նմուշներում խոլերայի բակտերիա է հայտնաբերվել, սակայն բնակչությանը վտանգ չի սպառնում։

«Վերջին օրերին Առողջապահության նախարարության կողմից Յարմուխի ջրամբարից վերցված փորձանմուշներում հայտնաբերվել է խոլերայի հարուցիչը»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։


Իսրայելի առողջապահության նախարարությունը պնդում է, որ բակտերիաների ծագումը կապված է հարեւան Սիրիայում խոլերայի բռնկման հետ։

Հարակից տարածքում վտանգավոր հիվանդության առաջին դեպքերի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո իսրայելցի համաճարակաբանները սկսել են Իսրայելի ջրային մարմինների մանրակրկիտ մոնիթորինգ անցկացնել՝ վարակի աղբյուրները ճշտելու համար, ասվում է հրապարակման մեջ։

Իսրայելի առողջապահության նախարարությունը նշում է, որ այս պահին երկրի բնակչության առողջությանը վտանգ չի սպառնում։ Վերջին ամիսներին խոլերայի բռնկում է գրանցվել Լիբանանում եւ Սիրիայում։