Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամերիկյան CBS News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ ուղիղ կապ է պահպանում ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ եւ բանակցությունները համարում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի լուծման միակ միջոցը։

«Ես միշտ մշտական բանավեճ եւ ուղիղ կապ եմ պահպանում նախագահ Պուտինի հետ, որովհետեւ կարծում եմ, որ փոխգործակցությունը վերսկսելու լավագույն միջոցը այդ ուղիղ կապը պահպանելն է»,- ասել է նա։


Պատասխանելով ներկա իրավիճակի լուծման մասին հարցին՝ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ դա «պետք է որոշեն ուկրաինացիները»։ «Լուծում գտնելու միակ միջոցը բանակցություններն են։ Ես ռազմական տարբերակ չեմ տեսնում»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաեւ կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահը կարծում է, թե Արեւմուտքը ձգտում է «ոչնչացնել Ռուսաստանը»։

«Չեմ կարծում, թե մենք դրան ենք ձգտում։ Մենք՝ ֆրանսիացիներս, երբեք դրան չենք ձգտել։ Ավելին, մենք շատ սերտ կապեր ունենք մշակութային եւ պատմական առումներով։ Եվ մենք միշտ հարգել ենք ռուս ժողովրդին»,- նշել է Մակրոնը։