Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ մշակված խաղաղ նախաձեռնությունները, այսպիսի հույս է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ տարածաշրջանն ուղիղ իմաստով կարելի է անվանել հանգուցային, եւս մեկ տարածաշրջան, որտեղ, այնուամենայնիվ, հույս կա, որ կիրականացվեն այն խաղաղ նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը (Հայաստանը եւ Ադրբեջանը) Ռուսաստանի հետ համատեղ»,- ասել է նա չորեքշաբթի, «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։


Զախարովան Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու Արեւմուտքի փորձերն անվանել է անտակտություն։ Նրա խոսքով՝ այդ քաղաքականությունը վարվում է ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ «ուղիղ հակառակ նպատակի» համար։

«Ցավոք, այստեղ նման միտում մենք տեսնում ենք երկար տարիներ։ Այժմ արեւմտականներն էլ ավելի են ակտիվացել»,- ավելացրել է դիվանագետը։

Նա հիշեցրել է, որ արեւմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, ընդ որում՝ «հակամարտությունների քանակը հավաքական Արեւմուտքի պատճառով եւ նախաձեռնությամբ ավելանում է»։

«Ոչ ոք չի կարող ասել, որ որեւէ տեղում, որտեղ եղել է հավաքական Արեւմուտքի ոտքը, ձեռքը կամ միտքը, վիճակն ավելի լավ է դարձել»,- փաստել է Զախարովան։