Ես համոզված եմ, որ այսօրվա երիտասարդներին փոխանցելով այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից, այն հավատը, որը նվիրական է մեզ համար, մենք կարող ենք ցանկացած դժվարություն հաղթահարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Անցած շաբաթ մենք նշում էինք մեր ժողովրդի ամենալուսավոր ու ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ Հարության տոնը: Մեզ համար այն ապագայի հանդեպ հույսի ու հավատի, ու նաև մեր ավանդույթներն ու արժեքները սերունդներին փոխանցելու, մեր հազարամյակների ժառանգությունը պահպանելու խորհուրդ ունի։

Տոնի նախօրեին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանեսի և մեր թիմի հետ, Հայկական աշխարհի առանցքային հոգևոր կենտրոններից մեկից`Գանձասարից տեսակամրջի միջոցով մեր երախտագիտությունը հայտնեցինք տարբեր երկրներում գտնվող բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են մեզ ու օգնում իրականություն դարձնել մեր նախագծերը և որոնց համար կարևոր են Արցախը, Արցախի ժողովուրդն ու նրա ապագան:

Արցախում գտնվելուս ընթացքում բազմաթիվ ոգեշնչող պատմություններ եմ լսել մեր ժողովրդի պայքարի մասին:

Այդ պատմություններից մեկը Կամո Սաֆարյանի մասին է. մարդ, որը կանգնած է եղել Արցախյան շարժման ակունքներում: Այդ պատմությունն ինձ խորապես հուզել է, և ես այն պատմեցի հեռուստակամուրջի ժամանակ: Ուզում եմ այս հարթակում ևս պատմել, քանի որ, կարծում եմ՝ շատ կարևոր է, որ բոլորս այդ մասին իմանանք:

35 տարի առաջ երիտասարդ Կամոյին հաջողվում է մեծ գումարի դիմաց ձեռք բերել Վահան Թոթովենցի «Զորավար Անդրանիկ և նրա պատերազմները» գրքի բացառիկ ու խիստ արժեքավոր հրատարակությունը: Կամոն և նրա ընկերները գիրքը տանում են Ամարաս, որտեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել էր առաջին դպրոցը: Այդ սուրբ վայրում, գրքի վրա նրանք երդվում են՝ երբեք չնահանջել Արցախն ազատագրված տեսնելու երազանքից:

Համաշխարհային ճգնաժամի և աշխարհակարգի փոփոխության ժամանակ ավելի կարևոր է դառնում սեփական արմատների, ավանդույթների նկատմամբ հարգանքի վերածնունդը, հատկապես՝ երդման պարտավորության, գիտակցված պատասխանատվության հանդեպ: Իսկ ամենակարևորը սեփական Խոսքի նկատմամբ հարգանքին վերադառնալն է. չէ՞ որ, ինչպես գրված է Աստվածաշնչում, Խոսքը հենց Աստվածն է: Եւ մեր ամենախիստ դատավորը հենց մենք ենք, քանի որ չենք կարող խաբել ինքներս մեզ:

Ամարասում երդում տված տղաներից ոմանք զոհվել են, ոմանք չեն կարողացել խոստումը պահել, ոմանք առ այսօր շարունակում են իրենց պայքարը, սակայն կարևորն այն է, որ նրանց գործը շարունակվում է նաև այսօր:

Ես համոզված եմ, որ այսօրվա երիտասարդներին փոխանցելով այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից, այն հավատը, որը նվիրական է մեզ համար, մենք կարող ենք ցանկացած դժվարություն հաղթահարել: Եւ այսօրվա երիտասարդ սերունդն արժանի կերպով կշարունակի այն գործը, որը սկսել են իրենց հայրերը»: