«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը վերջերս Ազգային Ժողովում, իսկ երեկ նաև Չեխիայում խոսելով «Անջատում հանուն փրկության» գաղափարի մասին, ընդգծում էր, որ պետք է հասկանալ, թե
անջատում ի՞նչ է նշանակում՝ ինչի՞ց անջատում, ումի՞ց անջատում:
Ավելին, թարգմանելով Օքսֆորդի բառարանը` շեշտում էր, որ Անջատում՝ հանուն փրկության նշանակում է «տարածքի կամ խմբի անկախանալու փաստը պետությունից կամ ավելի մեծ խմբից, որին նա պատկանում է»:
2020թ․ արցախյան աղետալի պատերազմի ամենավճռական պահին՝ 2020թ․ հոկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը տառացիորեն հայտարարում էր, որ ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնել «Անջատում հանուն փրկության» սկզբունքի լուծման վրա, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Ընդորում, այս գաղափարի մասին Փաշինյանն անդադար խոսում էր նաև 2021թ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ ըստ էության այն համարելով իրենց քաղաքական թիմի ծրագրային դրույթ։
Իսկ հիմա, փաստորեն, ընդունում է, որ «Անջատում հանուն փրկության» նշանակում է, որ Արցախն ինչ-որ մեկից պետք է անջատվի, և այդ մեկն, ըստ էության, Արդբեջանն է։
2020թ․ հոկտեմբերի 17-ին, երբ Փաշինյանը ազդարարում էր այս գաղափարի մասին, անմիջապես հրապարակել եմ վերլուծություն՝ շեշտելով, որ ․․․Այս լույսի ներքո «Անջատում հանուն փրկության» սկզբունքի առաջին պլան մղելը միջազգային հանրության մոտ կարող է արմատավորել այն մտայնությունը, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս և հիմա փորձ է անում անջատվել՝ փրկվելու համար:
Մտավախություն ունեմ, որ այս դեպքում կվտանգենք ինքնորոշման գործընթացի անցած ողջ ճանապարհը, որովհետև ակնհայտ է, որ Արցախն Ադրբեջանից չի անջատվել, այլ, որպես պետական կազմավորում՝ օգտվել է այն ժամանակվա օրենսդրությամբ իրեն վերապահված ինքնորոշման իրավունքից և այն իրացրել անթերի:
Ապշում եմ, որ նոր եք համոզվել այս պարզ ճշմարտության մեջ, իսկ եթե այն ժամանակ էլ գիտեիք ու պնդում էիք, դա արդեն այլ հարց է․․․
Հ․Գ․ Մեկնաբանության տակ հրապարակում եմ իմ վերլուծությունը, որը հրապարակել էին բազմաթիվ լրատվամիջոցներ։ Կարող էին այն ժամանակ կարդալ և հետևություններ անել, իսկ հիմա շատ ուշ է։
Հայի հետին խելքի մասին անգամ թուրքերն են երազել ունենալ․․․»: