ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ռազմական թղթակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել սպառված ուրանով զինամթերք։ Սակայն, ըստ նրա, դրանք օգտագործվում են միայն ի պատասխան հակառակորդի կողմից նման արկերի կիրառման, հաղորդում է Коммерсантъ-ը։

«Կանխարգելման կարիք չկա։ Սպառված ուրանով այդպիսի զինամթերք մենք շատ ունենք, եթե նրանք օգտագործեն, մենք էլ մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել նույն զինամթերքը։ Մենք դրանք պահեստում ունենք, պարզապես չենք օգտագործում»,- ասել է նախագահը։ Ավելի վաղ, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպառված ուրանով հարյուր հազարավոր արկեր ունի։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին ապրիլի 25-ին ասել է, որ Challenger 2 տանկերի համար նախատեսված «հազարավոր արկեր», այդ թվում՝ սպառված ուրան է ուղարկվել Ուկրաինա: WSJ թերթի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն Ուկրաինա ուղարկելու համար Abrams տանկերը կհամալրի սպառված ուրանի արկերով։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Ուկրաինայում սպառված ուրանի հրթիռների հնարավոր կիրառման կապակցությամբ։

Ըստ ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովի՝ ուրանի սպառված զինամթերք օգտագործելիս փոքր մասնիկներից ալֆա ճառագայթումը կուտակվում է թոքերում և ներքին օրգաններում, ինչը կարող է հանգեցնել չարորակ ուռուցքների զարգացմանը։ Բացի այդ, ուրանի մասնիկները երկար ժամանակ մնում են հողում։