Մենք երբեք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց ոչ այն փիլիսոփայությամբ, որն առաջ է տանում Ադրբեջանը: Այս մասին  հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ռուսական մամուլի տեղեկություններին, ըստ որի, ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։ Հրաժարվելու դեպքում Ստեփանակերտին սպառնում են «ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»:

«Ադրբեջանը փորձում է այդ բանակցությունները վերածել ներադրբեջանական երկխոսության: Սա հնարավոր չէ, մեզ համար անընդունելի է: Հետեւաբար, ցանկացած նման փորձ Արցախի իշխանությունների ու ժողովրդի կողմից բացասական է: Ես չգիտեմ՝ ով ինչ առաջարկ է արել: Չի բացառվում, որ ինչ-որ թուրքամետ, ադրբեջանամետ շրջանակներ փորձեն ինչ-որ այդպիսի քայլերի դիմել: Այս պահի դրությամբ, անկախ ամեն ինչից կարող են տարբեր ուժեր, տարբեր կազմակերպություններ փորձեն դա անել, մեր դիրքորոշումը հստակ է եւ մենք որեւէ ձեւով բնավ չենք ընդունում այս ամենը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Հարցին, թե Ադրբեջանի կողմից Հակարի կամրջով որեւէ հումանիտար բեռի տեղափոխումն արգելելը կարո՞ղ է պայմանավորված լինել հենց այս առաջարկով, Դավիթ Բաբայանն պատասխանեց. «Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքի պատճառը մեկն է՝ հայատյացությունը, ծավալապաշտական քաղաքականությունը: Առիթները տարբեր են:

Օրերս Էրդողանն այցելեց Բաքու, ցույց տվեց, որ եղբայրական հարաբերություններ ունեն: Թուրքիան մի կողմից, միջզգային հանրության ժողովրդավարական հատվածի այլասերված լինելը, ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որով ողջունեցին Ալիեւի՝ հայերին համաներում շնորհելու հայտարարությունը, այսինքն տոտալիտար երկիրը ժողովրդավարության համար պայքարողներին համաներում է շնորհում, պետքարտուղարությունն էլ ողջունում է, բորելների, միշելների նման մարդկանց հայտարարություններն, իհարկե, գոտեպնդում են Ադրբեջանին: Բորելն ասում է՝ դե մենք Ադրբեջանին ասում ենք, չի ընդունում: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ Ադրբեջան, ինչ ուզում ես, արա, մենք այդպես կասենք, կփակենք: Եվ նա դիմում է նման քայլերի: Սրան գումարած մեր երկպառկությունը, հայոց պետականության քայքայված լինելը ազդում է այս բոլոր գործընթացների վրա»: