Ստրասբուրգում հունիսի 19-23-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային լիագումար նստաշրջանի կարեւոր կետերից մեկը կլինի համատեղ հրատապ քննարկումը Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի քաղաքական հետեւանքների, ինչպես նաեւ Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուսաստանցի եւ բելառուսցի մարզիկների մասնակցության վերաբերյալ: Հարցում է ստացվել հրատապ քննարկումներ անցկացնել Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովման հարցի շուրջ։

Վեհաժողովը նաեւ համատեղ քննարկումներ կանցկացնի միգրացիայի հարցի շուրջ եւ կքննարկի երեք զեկույց՝ միգրանտների եւ փախստականների ինտեգրման մասին, սպորտի միջոցով միգրանտների, փախստականների եւ ներքին տեղահանված անձանց սոցիալական ինտեգրման մասին, ինչպես նաեւ առանց փաստաթղթերի աշխատավորներին կամ մշտական կարգավիճակ չունեցող անձանց բժշկական եւ սոցիալական օգնության տրամադրման մասին։

Օրակարգի այլ հարցերի թվում են արտաքսված բելառուսցիների առջեւ ծառացած կոնկրետ խնդիրների լուծումը (Բելառուսի ժողովրդավարական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի մասնակցությամբ), Միացյալ Թագավորությունում մարդու իրավունքների օրենսդրության բարեփոխումը եւ անդրազգային բռնաճնշումները՝ որպես օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների աճող սպառնալիք: Նախատեսվում են նաեւ քննարկումներ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ բժշկական օգնության ապահովման ամբողջական մոտեցման անհրաժեշտության եւ թվային անջրպետի հաղթահարման վերաբերյալ։

Վեհաժողովն իր վերջնական օրակարգը կընդունի նստաշրջանի բացման օրը։