Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Զապորոժիեի ԱԷԿ-ը պայթեցնելու ռուս զինվորականների պլանների մասին։ Պեսկովն այս պնդումն անվանել է «հերթական սուտ», տեղեկացրել է «Կոմերսանտը»։

«Սա հերթական սուտն է։ Դուք գիտեք, որ հենց նոր եղել են շփումներ ԱԷՄԳ-ի հետ այնտեղ, տեղում։ Բավական բարձր գնահատական է տրվել ԱԷՄԳ-ի կողմից։ Նրանք ամեն ինչ տեսել են, ամեն ինչ, ինչ կուզենային տեսնել»,- ասել է Դմիտրի Պեսկովը պրես-քոլի ընթացքում։

Հունիսի 16-ին NBC News-ի հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել էր Զապորոժիեի ԱԷԿ-ը պայթեցնելու մտադրության մեջ։ «Ռուսաստանը ցանկանում է պայթեցնել ԱԷԿ-ը։ Որովհետեւ, ինչպես եւ ամբարտակի դեպքում, նրանք շահագրգռված չեն Ուկրաինայում անվտանգությամբ։ Նրանց մշտապես պետք է ապակայունություն այստեղ, եւ նրանք ցանկանում են, որպեսզի աշխարհը ճնշի Ուկրաինային այս հակամարտությունն իրենց հարմար ձեւով ավարտելու համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Այսօր Վլադիմիր Զելենսկին նորից մեղադրել է Ռուսաստանին այդ պլանների մեջ։ Նա տեղեկացրել է, որ այդ տվյալներն ստացել է հետախուզության հետ խորհրդակցության ժամանակ։

Հունիսի 20-ին նման հայտարարությամբ հանդես էր եկել Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Նա հավաստիացրել էր, որ ռուսական կողմն ականապատել է Զապորոժիեի ԱԷԿ-ը՝ պայթուցիկ դնելով այդ թվում եւ «սառեցնող» լճակում։