Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փրկության օղակն է, վերջին վեց ամիսների ընթացքում ամբողջ բնակչությանը դրել է լիակատար մեկուսացման մեջ: Այս մասին հուլիսի 4-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ելույթի ժամանակ ասել է Իսլանդիայի պատվիրակության ղեկավար Բիրգիր Տորարինսոնը։

Իսլանդիայի պատվիրակության ղեկավարը հիշեցրել է իր գործընկերներին, որ Լեռնային Ղարաբաղի կրիտիկական ենթակառուցվածքը նույնպես միտումնավոր զրկվել է բնական գազից, էլեկտրաէներգիայից և բջջային կապից։


«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մեկուսացված է արտաքին աշխարհից։ Պարոն նախագահ, սա բացարձակապես անընդունելի է։ Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ խախտում են 2020 թվականի նոյեմբերի համաձայնագիրը, որը ստորագրել է Ադրբեջանի նախագահը»,- ընդգծել է Տորարինսոնը՝ հավելելով, որ Ադրբեջանն իր գործողություններով խախտում է նաև Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիան և Արդարադատության միջազգային դատարանի կողմից անցյալ տարվա փետրվարին ընդունած որոշումը։

«Անմեղ մարդիկ տառապում են։ Ի՞նչ կաներ Ադրբեջանը, եթե հայտնվեր շրջափակման մեջ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի տարբերվում այլ մարդկանցից, չի տարբերվում Ադրբեջանի ժողովրդից և չի տարբերվում մեզնից՝ խորհրդարանականներիցս։ Նրանք ուզում են նորմալ կյանքով ապրել։ Անցյալ փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը շրջափակումը ճանաչել է որպես հայերի նկատմամբ ռասայական խտրականության դեպք: Անցյալ հունվարին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահն ասել էր, որ Լեռնային Ղարաբաղից ելքը բաց է, և բոլորը կարող են հեռանալ։ Նա մոռացել էր ասել, որ եթե գնաս, այլեւս չես կարող վերադառնալ։ Նախագահի հայտարարությունը հստակ ցույց է տալիս, որ շրջափակումը եւս մեկ ապացույց է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է։ Ադրբեջանը պետք է փոխի իր քաղաքականությունը և սկսի իրական հաշտեցում դրսևորել իր հարևանների նկատմամբ, սկսի ցույց տալ, որ նրանք հոգ են տանում անմեղ մարդկանց կարիքների մասին»,- նշել է իսլանդացի պատվիրակը։