Ադրբեջանը շինծու մեղադրանքներ է ներկայացրել ԿԽՄԿ-ին եւ այդ պատրվակով լրիվ փակել Լաչինի միջանցքը։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ։


Դրանում նշվել է, որ «պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները բացահայտել են անօրինական ճանապարհով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմաթիվ փորձեր ԿԽՄԿ-ին պատկանող տրանսպորտային միջոցներով, «Լաչին» անցակետով։

2023թ. հուլիսի 1-ին, ժամը մոտ 16.41-ին Հայաստանից Ադրբեջան մտած 35VX480 պետհամարանիշով «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որը վարում էր Հայաստանի քաղաքացի Գարիկ Հարությունյանը (անձնագիր՝ АТ0573343, ծննդյան թիվը՝ 17.06.1976), սահմանապահ ջոկատի կողմից հայտնաբերվել եւ առգրավվել են 15 չհայտարարագրված բջջային հեռախոսներ, որոնք թաքցվել էին ձեռքի իրերի մեջ։ 2023թ. հուլիսի 3-ին, ժամը մոտ 15.52-ին Հայաստանից Ադրբեջան մտած 768UU22 պետհամարանիշով ՈւԱԶ ավտոմեքենայի սրահում, որը վարում էր Հայաստանի քաղաքացի Վրեժ Գրիգորյանը (անձնագիրը՝ AU040291, ծննդյան թիվը՝ 12.04.1977), սահմանապահ ջոկատի կողմից հայտնաբերվել եւ առգրավվել է 155 չհայտարարագրված բջջային հեռախոսի էկրան, բջջային հեռախոսների 10 պլատա, լիցքավորման 120 բլոկ բջջային հեռախոսների համար, էկրանի 1 սոսինձ՝ թաքնված ձեռքի իրերի մեջ։ 2023թ. հուլիսի 5-ին, ժամը մոտ 16.10-ին Հայաստանից Ադրբեջան մտած 711FF11 պետհամարանիշով Iveco բեռնատարի սրահում, որը վարում էր Հայաստանի քաղաքացի Սասուն Հարությունյանը (անձնագիր՝ AU0219416, ծննդյան թիվը՝ 26.04.1981), հայտնաբերվել եւ առգրավվել են 848 տուփ ծխախոտ, ինչպես նաեւ 320 լիտր թաքնված բենզին։ Նույն օրը ժամը մոտ 16.54-ին Հայաստանից Ադրբեջան մտած 37FF609 պետհամարանիշով DAF բեռնատարի սրահում, որը վարում էր Հայաստանի քաղաքացի Վակիֆ Մուսայելյանը (անձնագիր՝ AU031091, ծննդյան թիվը՝ 04.12.1959), հայտնաբերվել եւ առգրավվել են 125 տուփ ծխախոտ, իսկ վառելիքի պահեստային բաքում՝ 1 000 լիտր թաքցված բենզին։ Չնայած ԿԽՄԿ-ն նախազգուշացվել է այս մասին պաշտոնապես, հակաիրավական գործողությունները կրկնվել են, իսկ անհրաժեշտ քայլերը դրանք վերացնելու ուղղությամբ չեն ձեռնարկվել, նշվել է հաղորդագրությունում։

Պետական սահմանապահ ծառայությունում տեղեկացրել են, որ ԿԽՄԿ-ին պատկանող տրանսպորտային միջոցները եւ իրականացվող բժշկական տարհանումը մաքսանենգության համար օգտագործելը Ադրբեջանի օրենքների կոպիտ խախտում է, ինչպես նաեւ ԿԽՄԿ-ի հանդեպ Ադրբեջանի վստահության չարաշահում։ Մաքսանենգության փաստերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մինչեւ անհրաժեշտ քննչական միջոցառումների իրականացումը «Լաչին» անցակետով անցումը սահմանին ժամանակավորապես դադարեցվել է։ Մաքսանենգության բոլոր փաստերը փաստագրված են տեղում օպերատիվ լուսանկարներով»,- մեջբերել են ԶԼՄ-ները։