Փաշինյանը ինչ անում, է խաղաղություն չի կարող բերել, սա կարող է լավ հարաբերություններ բերի Փաշինյանի իշխանության եւ Ադրբեջանի միջեւ, բայց ոչ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ես մի կարեւոր բան ավելացնեմ, եթե Փաշինյանը այս փաստաթուղթը ստորագրի, Հայաստանը մտնելու է խորը անկայունության մի երկարատեւ ցիկլի մեջ, որից դուրս գալը շատ դժվար է լինելու: Եթե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը կախվածության մեջ էր իր պաշտոնից, այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Փաշինյանի անվտանգությունն ու իր պաշտոնը միաձուլվելու են, դառնալու են մեկ եւ այս պայմաններում չի կարող ժողովրավարություն լինել երկրում, երկրի ղեկվարի պաշտոնն ու անվտանգության միաձուլվելը չի կարող ռացիոնալ լինել իր որոշումներում, սա բարդ է: Եթե այդ փաստաթուղթը ստորագրվում է, Հայաստանում անկայունություն է լինելու, դրա ծիլերն արդեն երևում են, բոլորն են տեսնում՝ քաղբանտարկյալների գոյությունը, հալածանքները, մարդկանց աշխատանքից ազատելը իրենց գաղափարների համար եւ դա խորանալու է, ավելի բիևտ մեթոդներ են կիրառվելու, ՀՀ-ն դառնալու է ոստիկանական պետություն»,-ասաց նա:


Օսկանյանը նշեց, որ այս բոլոր հիմնավորումները երբ ինքը ներկայացրել է օտարերկրյա դիվանագետներին, այս վերջին նկատառումն է, որ նրանց ցնցել է, որի մասին նրանք չէին մտածել:

«Այն, ինչ այսօր արվում է, իրատեսական չէ, հատկապես որ այլընտրանք կա: Բանակցային օրակարգ պետք է բերվի այն փաստը, որ Արցախը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ: Այո, այդ հարցը պետք է բերվի օրակարգ, որովհետեի այստեղ խնդրի ձեւակերպումը շատ լուրջ է, մենքընդամնեը ասում ենք՝ այդ հարցը բերում ենք օրակարգ, չենք ասում՝ ձգտում ենք այդ կարգավիճակին, կամ այլ կարգավիճակի, ուղղակի այն փաստը, որ եղել է ինքնավար մարզ Արցախն Ադրբեջանի մեջ, լինի օրակարգային հարց, որը նոր դռներ է բացելու: »,-ասաց նա:

Օսկանյանի համոզմամբ՝ միջազգային իրավաբանները միակարծիք են այս հարցում, եւ եթե ադրբեջանը մերժում է սա,Արցախի ժողովուրդը, միանշանակորեն, իրավուքն կունենա արտաքին ինքնորոշման ձգտելու, միջազգային իրավունքը տալիս է այդ հնարավորությունը:

«Եթե մենք կարողանանք համախմբվել, այս ուղղությամբ հարցը առաջ տանել Արցախով, Հայաստանով, Սփյուռքով եւ այլ դերակատարներով, մենք արդյունքի ենք հասնելու եւ կարողանալու ենք փոխել բանակցությունների օրակարգը, նարրատիվը եւ փիլիսոփայությունը»,-ասաց նա:

Նախկին արտգործնախարարը շեշտում է, որ Փաշինյանն այսօր երկու ճանապարհ ունի՝ մեկը շարունակել իր բռնած ճանապարհով, որը թվում է՝ հեշտ է, մյուսը միանա իր ասած օրակարգին:

«Փաշինյանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, այլընտրանք կա, այլ հնարավորություններ կան, մյուս ճանապարհը իրատեսական չի, ես չեմ հոգնում կրկնել, որ մեր ժողովրդի ուղեղում լավ տպավորվի: Այլընտրանք կա առանց պատերազմի ավելի արդար եւ երկարատեւ լուծման հասնելու: Այս խաղաղությունը կարճ է լինելու, հաջորդ սերունդների վրա է բեռը լինելու, այս ձեւով ոչ ոք չի ընդունելու նման լուծում»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախում ստեղծված օրհասական վիճակին, Օսկանյանն ասաց, որ այստեղ Հայաստանի իշխանություններն անելիք ունեն, ունենալով միջազգային դատարանի որոշումը Հայաստանը պետք է շատ արագ հայց ներկայացնի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, պահանջի, խնդրի, որ Լաչինի միջանցքը բացվի՝ համապատասխան ճիշտ դիվանագիտական աշխատանք կատարելով: