Ես Հայաստանի ժողովրդից մանդատ եմ ստացել որոշումներ կայացնելու Հայաստանի վերաբերյալ, իմ գործողության օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավունք է առանց արցախցիների կարծիքը հաշվի առնելու Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս եւ հնարավոր է՝ թեմայի վերաբերյալ հանրաքվե անցկացվի։

«Ասում եք՝ ինչու չեք քննարկում ժողովրդի հետ, բայց սա ուղիղ եթերում հեռարձակվում է, սա էլ է քննարկում, բա որ քննիչ հանձնաժողովում վեց ժամ պատասխանում եմ հարցերի, փաստերի մասին եմ խոսում, դա ի՞նչ է։ Մենք չենք կարծում, որ ԼՂ ժողովրդի ճակատագիրը կարող ենք որոշել, դա պետք է իրենք որոշեն։ Ես մանդատ ունեմ որում կայացնելու Հայաստանի Հանրապետության վերաբերյալ։ Ես սա կրկրնում եմ 2018 թվականից սկսված։ Հարցերի հայելային էֆեկտը պետք է հաշվի առնենք։ Հանրաքվե ինչի՞ մասին․ համաձա՞յն են Հայաստանի բնակիչները, որ Ադրբեջանը ճանաչի Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը։ Իսկ եթե քվորում չլինի՞»,- ասաց Փաշինյանը։


Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նախորդ տարի, երբ ԱԺ-ում ինքը հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մարդիկ փողոց դուրս եկան մանիպուլյացիայի արդյունքում եւ որովհետեւ 29 հազար 800 քառակուսի կմ-ն անծանոթ թիվ էր իրենց։

«Չգիտեին՝ դա ինչ թիվ է։ Եվ սա ամենամեծ խնդիրն է․ ստեղծել ենք պետություն՝ առանց դրա չափի մասին պատկերացում ունենալու։ Երբ մենք լղոզում ենք Հայաստանի չափերը, կարծում ենք՝ հնարավորություններ ենք բացում Հայաստանի առաջ, իսկ իրականում մեր պետությունը ենք լզողել։ Քաղաքացին չգիտի՝ 29 հազար 800 քառակուսի կմ-ի մեջ մտնո՞ւմ է Կապան, Տավուշը, Արծվաշենը եւ այլ։ Ոմանք ուզելով, ոմանք էլ չուզելով՝ տպավորություն են ստեղծում, թե առավոտից երեկո մտածում եմ՝ ո՞նց անեմ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչեմ, սա սխալ ընկալում է, որովհետեւ ես չեմ մտածում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ես մտածում եմ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին»,- նշեց նա։

Հարցին, թե եթե Ադրբեջանը չճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուրեմն Հայաստանն էլ Ադրբեջանինը չի ճանաչի, Փաշինյանը պատասխանեց․ «Ինչո՞ւ ենք մենք նման սցենարի մասին մտածում, մենք միայն առաջ պետք է գնանք»։