Արցախի Հանրապետությունում բոլոր բուժհաստատությունները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: Արցախի Հանրային ռադիոյի հաղորդմամբ, իրավիճակն արդեն բարդանում է ժամերի ընթացքում:

Ըստ ԱՆ կողմից հրապարկված վերջին տվյալների` «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 23 երեխա: Նրանցից 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը Արցախի Հանրային ռադիոյի հետ զրույցում նշել է` գրանցվել են դեպքեր, երբ երեխաները հիվանդանոց են բերվում ուշ և հիվանդությունն արդեն խորացած է լինում:

«Առողջապահության ոլորտի խորացող ճգնաժամն արդեն թողնում է տեսանելի հետևանքներ: Ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, թերսնման, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման և համապատասխան դեղամիջոցների բացակայութան պատճառով երեխաների առողջության վատթարացման դեպքեր:

«Արևիկ» բուժմիավորումը շուրջ 8 ամիս է, ինչ աշխատում է հատուկ ռեժիմով: Դադարեցված են պլանային վիրահատությունները, վառելիքի սղության պատճառով կան խնդիներ կապված հիվանդների տեղափոխման հետ` ասում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Մեսրոպ Մարգարյանը: