Ղրիմի կամրջի երկու կողմերում դրվել են պաշտպանական բոներ ստորջրյա եւ վերջրյա դրոնների հարձակման դեմ։ Այս մասին տեղեկացրել է Mash թելեգրամ-ալիքը։

Ալիքի տեղեկացմամբ՝ ժամանակի ընթացքում բոներ կտեղադրվեն կամրջի ամբողջ երկայնքով։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր դրոնների, որոնցով խփել էին Ղրիմի կամրջին, արտադրության տեղերին հարվածելու մասին։

Հուլիսի 17-ի գիշերը Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել էր, որ Ղրիմի կամրջի վրա «տեղի է ունեցել արտակարգ պատահար 145-րդ հենասյան մոտ, Կրասնոդարի երկրամասի կողմից»։

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն պատահածի համար մեղադրել է Ուկրաինայի հատուկ ծառայություններին։ Կոմիտեի տեղեկացմամբ՝ կամրջի գրոհն իրականացրել են ուկրաինական վերջրյա երկու դրոններ։ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։

Ղրիմի կամրջի արտակարգ դեպքի առնչությամբ ավտոմեքենաների երթեւեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է, գործի է դրվել ռեվերսիվ ռեժիմ հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը։