2023-ին Հայաստանի կողմից Արցախին տրամադրվել է 136 մլրդ դրամ, բայց հաշվենք, որ դրանից մոտ 52 մլրդ-ն ուղղել ենք Հայաստանի բանկերի վարկերի մարմանը, որը ստանձնել է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո՝ փրկելու ՀՀ բանկային համակարգը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Իհարկե, մենք շնորհակալ ենք, որովհետեւ այն վարկերը, որ տրամադրել է Հայաստանի բանկային համակարգն Արցախի տնտեսությանը, պետությանը, ՀՀ կառավարությունը վերցրել է: Մենք այդ գումարներն ուղղում ենք միայն սոցիալական ուղղվածության:

Մենք մինչեւ 2022-ի շրջափակումը ունեցել ենք հարկային մուտքերի այնպիսի ցուցանիշ, որը հավասարվել էր 2019-ին: Մեր սեփական մուտքերը անցել էին 45 մլրդ-ից, եւ արդեն վերականգնվում էր Ացրախի տնտեսությունը, բայց շրջափակումը ոչ միայն դադարեցրեց, այլ քանդեմ մեր ողջ տնտեսությունը: Մենք պետք է հասկանանք, որ առանց Հայաստանի ու հայ ժողովրդի աջակցության եւ նաեւ միջազգային աջակցության, անհնարին է լինելու գոյատեւել: Չկա տնտեսություն Արցախում, բոլորը համարյա գործազուրկ են«մճասաց Արցախի նախագահը:

Նրա խոսքով, մոտ 12 մլրդ դրամ հատկացվել է միայն բնակարանային ծրագրերի համար. «Մեր նպատակն է եղել 4 հազար ընտանիքների ապահովել բնակարանով, որի մոտ կեսը Ստեփանակերտում, հենց այդ ռեսւորսներով է դա իրականացվել: Մոտ 5 մլրդ դրամ տրվել է երկրորդային շուկայից բնակարաններ ձեռք բերելու համար:
Այն ընկերությունը Ստեփանակերտում, որի հետ փոխկապացված եմ՝ նախկին Գինու գործարանը, միայն պատերազմից հետո 1,5 տարվա գործունեության արդյունքում պետությանը վճարել է մոտ 900 մլն դրամ: Մենք չենք հասկանում, որ վարկաբեկելով Արցախի իշխանություններին, կառավարության ղեկավարներին, արժեզրկելով նրանց դերը ընդհանուր այս իրավիճակում, դա հենց պետության կազմաքանդումն է: Ես պատրաստ եմ ցանկացած հաշվետվություն թափանցիկ ներկայացնել»,-ընդգծեց Արցախի նախագահը:

Նա շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին, Հայաստանի կառավարությանն իր աջակցության համար, ապա կոչ արեց չկասկածել, թե այդ գումարները օգտագործվում են անտեղի: Արայիկ Հարությունյանը հիշեցրեց Վահե Հայկի «Կաթիդ փարան չմոռնաս, մամա» ստեղծագործությունը՝ նշելով. «Երբ անառակ որդին փորձում է փոխհատուցել մորը իր արածների համար... մենք անառակ զավակ չենք, մենք շնորհակալ ենք, մենք մեր դիմադրելով, Արցախում ապրելով ոչ միայն մեր պարտքն ենք տալիս հայրենիքին, Սփյուռքին, այլեւ մարդկությանը: Մենք այդպես ենք հատուցում մեզ ուղղված միջոցները»,-ասաց նա: