Հայաստանյան ճարտարագետ-էներգետիկների նախաձեռնող խումբը օգոստոսի 5-ին քննարկել է էներգետիկ եւ ազգային անվտանգության տեսանկյունից նոր ատոմային բլոկի տեխնոլոգիական ընդունելի լուծումները, ուրվագծել դրա հզորության եւ այլ հարաչափերի առավել հեռանկարային մեծությունները։

Նախաձեռնող խմբից  հայտնում են, որ կլոր սեղանին մասնակցեցին ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ, փորձագետներ եւ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական, տ.գ.թ. Կ.Սարգսյանը, ՀԱԷԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական, տ.գ.թ. Գ.Սեւիկյանը, «ՀայԱտոմ» ԳՀԻ ՓԲԸ գլխավոր տնօրեն, տ.գ.դ Վ.Պետրոսյանը, ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀԱՊՀ, ՃՇՀԱՀ, «Էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ, «Կասկադ Էներգո» ՍՊԸ , «ՀԱԷԿ-ի Շինարարություն» ՓԲԸ, «PROEX» ՓԲԸ ներկայացուցիչները, այլ մասնագետներ:

Մասնակիցների կարծիքով ՀՀ սոցիալ-տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման, էներգետիկ անվտանգության ապահովման համար առանցքային նշանակություն ունի նոր ատոմային բլոկի կառուցումը:

Քննարկմանը ընդգծվեց, որ նոր ատոմային էներգաբլոկը հնարավորություն կընձեռի վերգտնել Հայաստանի երբեմնի դերակատարումը՝ որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ կենտրոն, կապահովի էլեկտրաէներգիայի արտահանման շոշափելի ներուժ: Ինչը կնպաստի կրիտիկական ենթակառուցվածքների զարգացմանը՝ հատկապես Հյուսիս-Հարավ էներգատրանսպորտային ուղղով, կերաշխավորի ԵԱՏՄ եւ ԵՄ էներգետիկ շուկաների հետ արդյունավետ համագործակցությունը: Մասնավորապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022թ. փետրվարին Եվրոպական հանձնաժողովը, հետագայում նաեւ մի շարք այլ երկրներ ատոմային էներգետիկան ճանաչել են որպես «կանաչ էներգետիկա»:

Նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիական լուծումների տեսանկյունից մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ են փորձարկված եւ հուսալի տարբերակներ՝ հիմնված այսպես կոչված «100 ռեակտոր-տարի» սկզբունքի վրա: Բացի այդ, մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանի արդյունաբերական, տեխնոլոգիական, ինչպես նաեւ ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար նոր ատոմային էներգաբլոկը պետք է ունենա ոչ պակաս 1000 ՄՎտ դրվածքային հզորություն:

Մասնակիցները ընդգծեցին, որ հաշվի առնելով ատոմային բլոկ(եր)ի կառուցման տեւողությունը, նախապատրաստական եւ այլ աշխատանքների բազմափուլ եւ համալիր բնույթը, անհրաժեշտ է աշխատանքները սկսել հնարավորինս շուտ՝ պահպանելով շրջահայացությունը, կարգապահությունը եւ արհեստավարժությունը: