Մենք շարունակելու ենք աջակցել Արցախին և հայ ժողովրդին, և ջանք չենք խնայելու Լեռնային Ղարաբաղում 1915 թվականի կրկնությունը նույն ձեռագրով թույլ չտալու համար։ Այս մասին NEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը։ Վերջինս մշտապես իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին, իսկ 2018թ․ Ստեփանակերտի և Ֆրանսիայի Վալանս քաղաքի միջև բարեկամական կապերի խորացման նպատակով այցելել է Արցախ։ Ֆրանսիայի Վալանս քաղաքը և Ստեփանակերտը ժամանակին հռչակվել են քույր քաղաքներ, որին Ադրբեջանը մշտապես դեմ է արտահայտվել։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ ներկայացնում ենք ստորև։

-Պարոն Դարագոն, որպես Ստեփանակերտի հետ բարեկամական կապեր ունեցող քաղաքի քաղաքապետ, հետաքրքրվու՞մ եք Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Ըստ ձեզ՝ Արցախի լիակատար շրջափակման և Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության պայմաններում արդյոք համարժե՞ք է միջազգային հանրության ներկայիս կեցվածքը։


- Իհարկե, մենք հետևում ենք իրավիճակին տխրությամբ և տագնապով։ Չնայած միջազգային կառույցների անգործությանը, որոշ կազմակերպություններ և առանձին գործիչներ նախաձեռնություն են ցուցաբերում, ինչպես օրինակ Նախագահ Էմանուել Մակրոնը՝ անցած տարվա հոկտեմբերին, երբ կողմերի միջև հանդիպում կազմակերպեց։ Բայց սա բավարար չէ։

-Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային կառույցներին՝ անտեսելով նաև Ֆրանսիայի Սենատի բանաձևն ու մարդկանց ազատ տեղաշարժն ու ապրանքների մատակարարումը Լաչինի միջանցքի երկայնքով վերականգնելուն ուղղված կոչերը։ Արդյոք ժամանակը չէ՞ ավելի կոշտ քայլերի։

-Մենք ապրիլին դիտարկումներ իրականացնելու նպատակով Օվերն-Ռոն-Ալպեր շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոկիեսի հետ այցելեցինք Լաչինի միջանցք, սակայն ռուսական կողմը այդ հանգամանքը շատ վատ ընդունեց։ Նրանք կենտրոնացած են ուկրաինական պատերազմի վրա, դրա համար մենք այլևս չենք կարող երկխոսության ունենալ նրանց հետ։ Փաստացի, այսօր նրանք իրենց վրա չեն վերցնում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը։ Ես անձամբ շատ անհանգստացած եմ ստեղծված իրավիճակով։ Ես մտածում եմ, որ Ադրբեջանը փորձում է վերցնել Լաչինի միջանցքը՝ Սյունիքի վրա չհարձակվելու սպառնալիքով։ Ակնհայտորեն մենք շարունակում ենք մեր աջակցությունը Արցախին և հայ ժողովրդին, և ջանք չենք խնայելու Արցախում նույն ձեռագրով 1915 թվականի կրկնությունը թույլ չտալու համար։