Մախաչկալայում պայթյունից տուժածների թիվը հասել է 30-ի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ մամուլի ծառայությանը։

«Փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է եւս երեք մահացածի դի։ Ընդհանուր առմամբ, այս պահին Մախաչկալայում բենզալցակայանում բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է 105 մարդ, որոնցից 30-ը մահացել է»,- հայտնել են նախարարությունից։

Ավելի վաղ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել էր, որ զոհվածներից երեքը երեխաներ են։

Օգոստոսի 14-ի երեկոյան Մախաչկալայի ծայրամասում ավտոսերվիսում հրդեհ է բռնկվել, ապա կրակը տարածվել է բենզալցակայանի վրա, որից հետո պայթյուն է որոտացել։

Ռուսաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վիկտոր Ֆիսենկոն մեկնել է Դաղստան՝ վիրավորներին բուժօգնություն կազմակերպելու։ Պայթյունից տուժածներին Մոսկվայի հիվանդանոցներ կտեղափոխեն ԱԻՆ հատուկ ինքնաթիռով, որն արդեն օդ է բարձրացել մայրաքաղաքից։