Այսօր գիշեր ՌԴ-ն գրոհել է Օդեսայի մարզը, տեղեկացրել է УНИАН-ը։

Ինչպես տեղեկացրել է Օդեսայի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերը, ռուսական զորքերը երկու անգամ գրոհել են շրջանը հարվածային անօդաչուներով։

«Հիմնական նպատակը մարզի հարավի նավահանգստային եւ հացահատիկային ենթակառուցվածքն է։ Թշնամու խոցումների հետեւանքով Դունայի նավահանգիստներից մեկում տուժել են պահեստները եւ ցորենի շտեմարանները։ Ծագած հրդեհները օպերատիվ կերպով մարել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները»,- ասել է նա։

Օդեսայի մարզային վարչության տեղեկատվությամբ՝ մարզի երկնքում խոցվել է 11 անօդաչու։ Նշվել է նաեւ, որ բոլոր օդային թիրախները չէ, որ հաջողվել է ոչնչացնել։

Չորեքշաբթի, ժամը 01.20-ին Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվել հարվածային անօդաչուների սպառնալիքի պատճառով։