Օգոստոսի 23-ին ՄԱԿ կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի նախկին հատուկ խորհրդական, Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանի մարդու իրավունքների պրոֆեսոր Խուան Մենդեսի փորձագիտական կարծիքը՝ Լեռնային Ղարաբաղի շարունակվող շրջափակման և ՄԱԿ կողմից կանխարգելման գործիքակազմի կիրառման հնարավորությունների վերաբերյալ։ Տեղեկանում ենք ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքէջից:

Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ-պետություների և մի շարք այլ երկրների դիվանագետներ։

Իր բացման խոսքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում` նշելով, որ հումանիտար ճգնաժամը շարունակում է վատթարանալ: Անդրադառնալով օգոստոսի 16-ին ՀՀ պահանջով հրավիրված ՄԱԿ ԱԽ հրատապ հանդիպմանը` ՀՀ մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ ՄԱԿ-ը չի կարող թույլ տալ հերթական ոճրագործության իրականացումը և հստակ քայլեր պետք է իրականացնի դրա կանխարգելման ուղղությամբ։

Պրոֆեսոր Մենդեսը, մասնավորապես, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակի համատեքստում Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր վճռի կատարումից հրաժարվելը է նշան է որպեսզի գործարկվի վաղ կանխարգելման գործիքակազմը՝ ցեղասպանության կանխարգելման նպատակով։ Ըստ պրոֆեսոր Մենդեսի փորձագիտական կարծիքի՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը բավարար հիմք է միջազգային հանրության համար` վաղ նախազգուշացման մեխանմիզմներն ու պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը գործարկելու առումով։

Զեկույցի ներկայացմանը հաջորդած քննարկման ընթացքում Խ․ Մենդեսը պատասխանել է ներկա պատվիրակությունների կողմից հնչեցված մի շարք հարցերի։