Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղ «մարդասիրական օգնության» ուղարկման մասին։

Ըստ haqqin.az-ի՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը «մարդասիրական օգնություն է ուղարկում Ղարաբաղում բնակվող ազգությամբ հայ մարդկանց»։ Ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտնել է, որ Բաքվից երկու մեքենա է ուղարկվել։

Նրա խոսքով՝ «հումանիտար բեռներով» ավտոշարասյունը կշարժվի Ակնայով (Աղդամ) անցնող ճանապարհով։

«Նախնական փուլում նախատեսվում է մատակարարել 40 տոննա ալյուրի արտադրանք։ Իհարկե, կտրամադրվեն նաև պարագաներ, վրաններ, տեխնիկական միջոցներ մեր աշխատակիցների գործունեության համար։ Մենք ուշադիր հետեւելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Կարծում եմ, որ այս քայլը դրականորեն կընդունվի թե՛ հանրության, թե՛ միջազգային հանրության, թե՛ Խանքենդիում բնակվող ազգությամբ հայ բնակչության կողմից (այսպես Ադրբեջանում անվանում են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը – խմբ.)»,- ասաց Ասլանը։ Նա նշել է, որ «անհրաժեշտության դեպքում կարող է կրկին օգնություն ուղարկվել»։

Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ԱԺ-ում ավելի քան 6 ժամ նիստից հետո միասնական որոշման հնարավոր չի եղել գալ, սակայն «հացի խնդիրը մի քանի օրվա ընթացքում կլուծվի»։

Ավելի վաղ Արցախում բացառում էին Ակնայով անցնող ճանապարհի օգտագործման հնարավորությունը: Անգամ արցախցիները բետոնե պատնեշներով փակել էին Ակնայի եկող ճանապարհը:

Մինչդեռ Բաքուն խուլ է մնում Լաչինի միջանցքի ապաշրջափակման կոչերին։