Ռուս խաղաղապահները տեղեկացված են Ֆրանսիայից մարդասիրական օգնության մասին. Այս մասին օգոստոսի 30-ին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կարգավորման ՀՀ կառավարության աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։

«Մենք նրանց ժամանակին տեղեկացրել ենք այդ մասին: Ցավով նշում ենք նաև, որ մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղ դեռևս իրատեսական չէ»,- ասել է Սարգսյանը։

Օգոստոսի 30-ի վաղ առավոտյան Ֆրանսիայից մարդասիրական օգնություններով բեռնատարների շարասյունը Երեւանից շարժվեց դեպի Կոռնիձոր։ Օգոստոսի 30-ի ցերեկը մարդասիրական շարասյունն արդեն միացել է Կոռնիձորի մարդասիրական բեռներով բեռնատարների շարասյունին, որը նախկինում ՀՀ իշխանությունների կողմից ուղարկվել էր Արցախ և որը հուլիսի 26-ից Կոռնիձորում պարապուրդի է մատնվել՝ չկարողանալով անցնել Լաչինի միջանցքով՝ Ադրբեջանի իշխանությունների արգելքի պատճառով։

Անցած տարվա դեկտեմբերից Լաչինի միջանցքն արգելափակվել է, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել։ Հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի բնակիչները գտնվում են լիակատար շրջափակման մեջ։ Ժամանակ առ ժամանակ ԿԽՄԿ-ին հաջողվում է կազմակերպել հիվանդների տեղափոխումը Արցախից Երևան։