ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եվրասիական ինտեգրացիան և Եվրասիական միությունը հնարավորություն է համարել անդամ պետությունների համար դառնալ ինքնուրույն կենտրոն, այլ ոչ ծայրամաս Եվրոպայի կամ Ասիայի համար: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
«Եվրասիական միությունը նախագիծ է նոր աշխարհում և նոր դարաշրջանում եվրասիական պատմական տարածաշրջանի բնակչության ինքնությունը պահպանելու համար: Եվրասիական ինտեգրացիան հնարավորություն է հետխորհրդային շրջանի համար դառնալ գլոբալ զարգացման ինքնուրույն կենտրոն, ոչ թե ծայրամաս Եվրոպայի կամ Ասիայի համար»,- այս մասին նշել է Պուտինը «Валдай» միջազգային բանավիճային ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի սերտ ինտեգրացիան հարևանների հետ նախագահը համարում է բացարձակ գերակայություն: Նրա խոսքերով ինտեգրացիան կկառուցվի բազմազանության սկզբունքի հիման վրա: «Սա միություն է, որտեղ յուրաքանչյուրը կպահպանի իր դեմքը և քաղաքական ինքնությունը»,- նշել է ՌԴ նախագահը: