Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղևորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ՝ առանց հարկային պարտավորությունների և վերահսկողության: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթի զեկուցման ընթացքում:

«Առկա խնդիրները կարգավորելու և օրենսդրական բացերը լրացնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը որպես ծանուցման ենթակա գործունեություն, սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք՝ տարեկան 1 մլն դրամի չափով, լիցեզնավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագրի պետական տուրք՝ անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոսի, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2,5 տոկոսի, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում, համապատասխանաբար, 2024 թվականին՝ 2 տոկոսի, 2025 թվականին՝ 3,5 տոկոսի, 2026 թվականին՝ 5 տոկոսի չափով: Ընդ որում՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններն են իրականացնելու պետական տուրքի գանձումն ու վճարումը պետական բյուջե»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը:

Նախագծով սահմանվել է էլեկտրոնային հարթակով և ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի պարտադիր կիրառությունը և էլեկտրոնային արտոնագրի տրամադրման պահանջը, ոլորտի իրավախախտումների դեպքում՝ վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը:

Գերատեսչության ներկայացուցչի համոզմամբ օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների և տաքսի ծառայությունների համար, առավել թափանցիկ և վերահսկելի կդառնա էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրումների իրականացման գործընթացը, ոլորտում գործունեություն իրականացնելու համար կսահմանվեն հարկային պարտավորություններ, ինչը կնպաստի պետական բյուջե մուտքերի ավելացմանը:

«Բացի այդ, ՀՀ տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների միասնական երկաթուղային ցանցի գործընթացը դյուրացնելու, ոլորտում ներդրումային միջավայրն առավել գրավիչ դարձնելու, միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների հարկային բեռը թեթևացնելու նպատակով առաջարկվում է հանել միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողների համար պետական տուրքի մասին ՀՀ օրենքով սահմանված արտոնագրի պահանջը»,- ասել է Արմեն Սիմոնյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նկատել է, որ նպատակները ֆիսկալ են. կարգավորումների արդյունքում հնարավորություն է ստեղծվում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրում իրականացնողներին ստվերային դաշտից հարկային դաշտ բերել ու ցիվիլ և անվտանգ ուղևորափոխադրումներ կազմակերպել: Հանձնաժողովի փոխնախագահը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ նախագծի ընդունման արդյունքում ուղևորափոխադրում իրականացնող ծառայությունները թանկացնեն վարձերը, կլինե՞ն կարգավորումներ, որոնք ուղևորափոխադրում իրականացնող վարորդներին կստիպեն ինչ-ինչ չափանիշների բավարարել:

«Դժվարանում եմ ասել՝ կարգավորման արդյունքում թանկացումներ կլինե՞ն, թե՝ ոչ, բայց եթե գերիշխող դիրքի չարաշահում չկա, և արդար շուկայական պայմաններ են գործում, ապա շուկան կկարգավորի խնդիրն ու էական թանկացումներ չեն լինի: Ինչ վերաբերում է որակական չափանիշներին, ապա դա այս նախագծով չի սահմանվում: Ամբողջական վիճակագրություն ունենալուն պես վարորդներին ներկայացվող որակական չափանիշներ կսահմանվեն»,- ասել է Արմեն Սիմոնյանը:

Բաբկեն Թունյանը հետաքրքրվել է նաև, թե ինչ կսպասվի այն քաղաքացուն, որն առանց ուղևորափոխադրում իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիա ունենալու փորձի գումարով տաքսի ծառայություն մատուցել, ինչին ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ անձը պատասխանատվության է ենթարկվելու:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Կառավարության ներկայացուցչից հետաքրքրվել է՝ կա՞ մոտավոր կանխատեսում, որ եթե այսօր գործող ֆիզիկական անձ հանդիսացող բոլոր տաքսի վարորդները, որոնք օնլայն հարթակներով աշխատում են, մտնեն օրենքի տրամաբանության դաշտ, հավելյալ որքա՞ն հարկ կգեներացվի:

«Տարեկան մոտավոր 80-100 մլրդ շրջանառություն է գեներացվում օնլայն հարթակներով տաքսի ծառայություններից՝ ըստ տարեկան պատվերների միջին վիճակագրության, եթե պետական տուրքի մասին օրենքով սահմանված տոկոսների դրույքաչափերը կիրառվեն, ապա տարեկան 1-5 մլրդ դրամի չափով պետական տուրք պետք է վճարվի»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանն առաջարկել է ՊԵԿ-ին ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վերահսկողական տաքսի ծրագիր գնել, քանի որ խնդիրը նաև անվտանգային հարցեր է պարունակում: Պատգամավորը հետաքրքրվել է նաև՝ ո՞վ է ստուգելու՝ լիցենզիա ունեցող տաքսու վարորդը համապատասխանո՞ւմ է արդյոք ուղևորափոխադրում իրականացնելու համար սահմանված պահանջներին:

«Միգուցե օնլայն հարթակներով տաքսի վարելու հայտ ներկայացնողները քաղաքացիներին տեղափոխելու համար դասընթացնե՞ր անցնեն, ունակություններ ու որակական չափանիշնե՞ր ձեռք բերեն: Հնարավոր է նաև ստվերն ավելացնել. ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող օնլայն հարթակում գրանցված տաքսու վարորդը կարող է շատ ուղևորափոխադրում իրականացնել, բայց ՀԴՄ չտրամադրել ուղևորին, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարցին լուծում տալ»,- հետաքրքրվել է պատգամավորը, ինչին ի պատասխան՝ Արմեն Սիմոնյանը կրկին վերահաստատել է՝ այս նախագծով խնդիրը մինչև վերջ չի լուծվում, հետագայում նոր կարգավորումներ եւս անհրաժեշտ են լինելու:

Նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ առաջարկով է հանդես եկել: Ըստ պատգամավորի՝ էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող տաքսի ծառայությունների համար տարեկան 1 մլն պետական տուրք վճարելը բավարար չէ: Պատգամավորն առաջարկել է բարձրացնել տուրքի չափը:

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նկատել է, որ կան մինիմալ պահանջներ, որոնք պետք է սահմանվեն օնլայն հարթակով տաքսի ծառայության միանալու անհնարինության դեպքում:

«Ակնհայտ է, չէ՞, որ եթե մարդ 5 անգամ դատապարտվել է թմրամոլության համար, չպետք է կարողանա օնլայն հարթակով տաքսի ծառայությանը միանալ»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Բաբկեն Թունյանն անդրադարձել է նաև վերջերս շրջանառվող լուրերից մեկին, ըստ որի՝ ՌԴ հատուկ ծառայությունները հասանելիություն են ստանում «YnadexGo» տաքսի ծառայությունից օգտվողների ամբողջ ինֆորմացիային, ինչպե՞ս է հարցը կարգավորվում մեր երկրում ու արդյո՞ք դա անձնական տվյալների պաշտպանության մասով հակասություն չի առաջացնում:

«Երբ հավելվածը գործարկելու ժամանակ ներմուծել ենք մեր տվյալները, տվել ենք նաև համաձայնություն, որ այդ կազմակերպությունն օգտագործի մեր անձնական տվյալները: Միայն կոնկրետ քրեական վարույթի շրջանակում կարող են տարբեր պետությունների քրեական հետախուզությունների մարմինները հասանելիություն ունենալ դրանց: Չեմ պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է ՌԴ իրավապահ մարմինների մոտ առաջանա համատարած նման ինֆորմացիայի կուտակում անելու, դրա իսկության վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվության չեմ հանդիպել»,- ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու զգուշացրել՝ հավելված ներբեռնելիս համաձայնություն տալիս ՀՀ քաղաքացիները համաձայնում են նաև իրենց անձնական տվյալների հասանելիությանը:

Հանձնաժողովը հավանության է արժանացրել նախագիծը:

ՀՀ ընդերքի մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը դուրս է եկել շրջանառությունից: