«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի շուրջ սկանդալները գնալով մեծանում են: Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սուքիասյանին պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն դուրս է եկել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի դեմ: Իսկ ի՞նչն է պատճառը:


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից պահանջելով, որ 20.06.2023թ. թիվ 1112-Ա հրամանը վերացնի եւ բարենպաստ վարչական ակտ կայացնի ՀՀ Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի հարավ-արեւմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք տալու մասին:

Այսինքն՝ նախարարությունն արգելում է «ՄԼ Մայնինգ»-ին ավազ արդյունահանել, իսկ գործարարը ցանկանում է նպատակին հասնել դատարանի միջոցով: Շինարարական այդ խոշոր ընկերության դեմ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ տարբեր մարզերի տարբեր համայնքների ղեկավարներ են դատական հայցեր ներկայացնում: Օրինակ՝ Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել եւ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու մասին որոշումը փաստացի չեղարկել:

Այսինքն՝ ընկերությունը փաստացի ինչ-ինչ եղանակով ստացել է գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որը հիմա համայնքների ղեկավարները հետ են պահանջում: Այն, որ «ՄԼ Մայնինգ» ընկերությունը արտոնյալների շարքում է ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, փաստ է: Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «ՄԼ Մայնինգ»-ին:

Նշենք, որ ընկերությունը, բացի կառուցապատման եւ շինարարական աշխատանքներից, զբաղվում է նաեւ ավազի եւ խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։ Դրանից առաջ էլ նույն ընկերությունը արտոնություն ստացավ 2018թ. հունվարի 25-ին՝ 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքից ազատվելով:

Երկու արտոնություն էլ ստացել էր 2017թ.-ին՝ հունիսին եւ օգոստոսին։ «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգից էլ է ահազանգ ստացել այս ընկերության գործունեության մասով, որին կանդրադառնանք առաջիկայում։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում