Եվրամիությունը շարունակում է հետևել իրավիճակին՝ ի շահ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ապահովման և բոլոր քաղաքացիների:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ընդգծեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ թեև Լաչինի միջանցքով և Աղդամով Արցախ է հասել հումանիտար բեռ, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը՝ դեսպանը կարևորեց բնակչությանը մարդասիրական աջակցության տրամադրման համաձայնությունը, դրա իրականացումը, ԵՄ-ն աջակցում է դրան:

«Տարածվել է Պիտեր Ստանոյի հայտարարությունը: Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին՝ ի շահ այս տարածաշրջանում խաղաղության ապահովման և տարածաշրջանում ապրող բոլոր քաղաքացիների»,-ասաց դեսպանը:

Մարագոսը հավելեց, որ ինքը Հայաստանում է՝ աջակցելու Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին և ՀՀ կառավարության բոլոր ջանքերին, երբ խոսքը քննարկումների, բարեփոխումների գործընթացի մասին է՝ ապահովելով, որ ամբողջ տարածաշրջանն ապրի խաղաղության մեջ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 18-ին Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրել Լեռնային Ղարաբաղում կարիքի մեջ գտնվող անձանց։