Այս պահի դրությամբ ՀՀ սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է, իրադրության տեսանելի ու էական փոփոխություն չունենք, բայց այս գործողության հիմնական եւ առանցքային թիրախը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տեսեք, այսօր մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ, այդ թվում պաշտոնական կամ իշխանությունների հետ կապ ունեցող լրատվամիջոցներ տեղեկություն են տարածքում, որ իրենք հարվածներ են հասցնում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ուղղությամբ՝ նկատի ունենալով ԼՂ-ն: Ցավոք, այս տեղեկատվությունը կրկնում են մեր մի շարք գործընկերներ, որոնք ասում են, որ Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները: Ուզում եմ արձանագրել, որ Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ: Ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի»,-ասաց նա:

Փաշինյանը հանրության ուշադրությունը հրավիրեց ներքին ու արտաքին մի շարք ուժերի վրա, որոնք անպայմանորեն ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ:

«Դա տեսանելի է եւ մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերը անընդունելի են, մենք կառավարելու ենք այս գործընթացը: նչքան էլ հասկանում ենք այս իրադրությունում մեր բոլորի զգացողությունների էմոցիոնալ բազմաթիվ այլ խնդիրները: Բայց մենք չպետք է հնարավորություն տանք, որ որոշ ուժեր արտաքին, նաեւ ներքին Հայաստանի պետականությունը դնեն հարվածի տակ»: