Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունները փողոց են դուր բերել բազմաթիվ քաղաքացիների: Ոստիկանական նորանոր ուժեղացված խմբեր են գալիս կառավարության շենքի մոտ: Քաղաքացիները փակել են հարակից փողոցը:

Նրանք մտահոգված են Արցախում ստեղծված իրավիճակով, շատերը չեն կարողանում կապ հաստատել Արցախում գտնվող ընտանիքի անդամների հետ։

Հավաքվածները հայաստանյան իշխանություններին պահանջում են կանխել Արցախում սկսված պատերազմը։

Ակցիայի մասնակից արցախցի ուսանողներից մեկը բարձրախոսով հորդորեց կառավարության շենքում գտնվողներին իջնել ու նայել իրենց աչքին։

«Մինչ պատերազմը գնում էիք արցախ, այնտեղ խրախճանքներ էիք անում, ասում էիք՝ Աղդամը մեր հայրենիքին է։ Հիմա ի՞նչ, հայրենիքը չէ՞։120 հազար հայրենակիցները ձեր չե՞ն։ Ընտրությո՞ւն եք խաղում, վերահաշվա՞րկ եք անում։ Մեզ սպառնում է Ազգային ժողովի նախագահը, ասում է՝ անվտանգության խնդիրներ են լինելու։ Ո՞ւմ եք սպառնում»»,-ասաց նա, ինչից հետո հուզվեց ու չկարողացավ ավարտել խոսքը։

«Նույնիսկ այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը շանտաժ է անում ժողովրդին՝ ասելով, եթե ավել ձայներ չտաք, որ անցնենք, ավելի վատ է լինելու։ Նրանք Արցախում տեղի ունեցող ցեղասպանություն օգտագործում են հօգուտ ներքաղաքական շահի։ ՊՆ-ն Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեսե՞լ եք՝ ինչ հայտարարություն է արել, ասում են՝ Հայաստանի սահմաններին հանգիստ է, ասել է թե՝ մենք ձեզ հետ կապ չունենք, իրենց թողեք՝ ցեղասպանվեն։ ՀՀ-ն պետք է տեր կանգնի Արցախին, տեր կանգնի՝ 120 000 հայի, չեք լռեցնի մեզ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, թե Նիկոլ Փաշինյանը ցեղասպանում է Արցախը։

Մեկ այլ քաղաքացի էլ հայտարարեց, որ Արցախում տեղակայված խաղաղապահները ոչինչ չեն անում արցախցիների անվտանգությունն ապահովվելու համար՝ պնդելով, թե նրանք ծառայում են ադրբեջանա-թուրքական տանդեմին և պետք է հեռացնել։

Ակցիայի մասնակիցներից, 44-օրյա պատերազմում զոհված զինվորի մայր Ալիսա Գևորգյանի խոսքով էլ նրանք, ովքեր սահմանից այս կողմ են գտնվում, մեկ անելիք ունեն։ «Պետք է հեռացնել սահմանից այս կողմ գտնվող թշնամուն, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք անել»,- հավելեց նա։