Նպատակը Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելն է. Ղարաբաղը հեղաշրջումից հետո ռուսականացվեց, այտեղ արդեն էդ վտանգը չկա, ու հիմա ռուսներն իրենք են որոշում՝ այնտեղ ինչ պետք է լինի կամ չլինի: Այս մասին  հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

«Որոշ ուժեր ուզում են Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, ասում են՝ պատերազմով գնանք, Լաչինը բացենք, դա նշնակում է Հայաստանի վերջը նաեւ: Այն առումով, որ լայնածավալ պատերազմ է սկսվում Հայաստանի դեմ, ընդհուպ մինչեւ Զանգեզուրի անջատումը, երբ որ Զանգեզուրում հիմնականում գտնվում են ռուսական զորքեր, որոնց նպատակն է Զանգեզուրի միջանցքը վերցնել իրենց հսկողության ներքո»,-ասաց նա:

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ չներքաշվի պատերազմի մեջ. «Դա շատ դժվար է, որովհետեւ ընդդիմություն կոչեցյալը, այսինքն ռուսական լրտեսներն այստեղ արդեն իշխանափոխության կոչեր են անում: 2020-ի սցենարն է կրկնվում, երբ Ղարաբաղում պատերազմ էր, այդ ժամանակ էլի նույն ուժերը սկսեցին ջարդել ԱԺ-ն, համարյա սպանեցին ԱԺ նախագահին, ով մի կերպ կենդանի մնաց, կլառավարության շենքը գրավեցին: Հիմա էլի Արցախում պատերազմ է ու այդ նույն մարդիկ նույն սցենարը կրկնում են: Սա ռուսական սցենար է, ռուսական ուժերն են, որ այստեղ ոտքի են կանգնել ու չեն ուզում, որ Հայաստանն ազատվի այս կապանքներից, նորից քաշում են հետ: Իրենց նպատակն է, որ տեղի ունենա հեղաշրջում Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, եւ Ռուսաստանն ինչ անի, ինքն էլ սուսուփուս անի, մտնի Ռուսաստանի կազմի մեջ ու վերջ: Զանգեզուրն էլ տալիս ենք Ադրբեջան-Թուրքիա, եւ այդ ծրագրերը արդեն 2020-ից առաջ նախապատրաստել են: Շոյգուն ասում էր՝ մենք Թուրքիայի հետ հոյակապ օպերացիա կազմակերպեցինք: Սա հենց դա էր, ու հիմա շարունակությունն է: «Կոլցո» օպերցիայի առաջին մասը 1990-1991-ին արեցին, երբ Դաշտային Ղարաբաղն ազատեցին հայերից ու նվիրեցին ադրբեջանցիների փափուկ ձեւով, հիմա նույն ձեւով ուզում են այս գործողությունները կատարեն: Նույն սցենարն է, ուզում են Ղարաբաղը տան ադրբեջանցիներին, միջանցքը տան ադրբեջանցիներին, Հայաստանն էլ մտնի Ռուսաստանի կազմի մեջ, դառնա Թաթարստան ու պրծնում ենք ամեն ինչ»,-ասաց Գագիկ Մելքոնյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը պայքարում, որ չդառնա Թաթարստան, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Հայաստանն աշխատում է միջազգային կառույցների հետ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ, Հունաստանի հետ, Գերմանիայի հետ, ամեն տեղ աշխատանքներ են տարվում, որ չընկնենք այդ օրին: Նաեւ ԵՄ դիտորդները Հայաստանի տարածքում են»:

Նա հավելեց, որ երբ մոտ 10 օր առաջ ադրբեջանցիները սկսեցին նաեւ ՀՀ սահմաններին զորքեր կուտակել, ամերիկյան կողմից իրենց ասվել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմ իր գիծ է. «Այդ ժամանակ դադարեց ու իրենք այդ ամենի սկսեցին Ղարաբաղից»: