ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին կքննարկի միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը: Ազգային ժողովի կայքում այն ընդգրկված է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հարցերի շարքում։

Ենթադրվում է, որ դրանից հետո փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։

Հիշեցնենք, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։

Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։

ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։

Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա հավելեց նաև, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։