Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը «հետքայլ է»: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ խոսելով որոշ արաբական երկրների՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու պայմանավորվածությունների մասին, փոխանցում է Press TV-ն։

Ելույթ ունենալով Թեհրանում Իսլամական միասնության 37-րդ միջազգային համաժողովի բացման արարողության ժամանակ՝ Ռաիսին նշել է, որ «Ալ-Ղուդսի (Երուսաղեմի - խմբ.) և Պաղեստինի ազատագրումը իսլամական ումմայի միասնության ամենակարևոր ցուցանիշն է»։

Նրա խոսքով, Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը դիտվում են որպես «հետ քայլ» ցանկացած կառավարության համար, քանի որ դա են ուզում օտարները։ «Հակառակորդին դիմակայելու ճանապարհը ոչ թե փոխզիջումներով ու կապիտուլյացիայով է, այլ դիմադրությամբ ու տոկունությամբ»,- նշեց նա։

«Մահմեդականները և իսլամական աշխարհը պետք է հաստատվեն նոր կարգի մեջ, քանդեն ներկայիս անարդար կարգը և ստեղծեն արդար կարգեր աշխարհում», - ասել է նա՝ ընդգծելով, որ իսլամական ումման առանցքային դեր է խաղալու ձևավորվող աշխարհակարգում։