Հինգշաբթի Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձեւ, որը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հետ, ինչպես նաև վերանայել համագործակցության զարգացումը և նվազեցնել ադրբեջանական գազի ներկրումից կախվածությունը:

Բանաձեւին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։ Արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն, սակայն եվրոպական մյուս կառույցները պետք է լսեն Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքը։ Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ «Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար»:


Պատգամավորները կոչ են անում «արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ գործընկերության համաձայնագրի թարմացման շուրջ, քանի դեռ Ադրբեջանը անկեղծ պատրաստակամություն չի ցուցաբերել հարգելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Հակառակ դեպքում, պատգամավորները «կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին դիտարկել վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի կիրառումը կասեցնելու և այլ ոլորտներում այս երկրի հետ համագործակցության մակարդակը նվազեցնելու հարցը»։

Եվրախորհրդարանը անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն «նվազեցնի կախվածությունը Ադրբեջանի գազից», իսկ Բաքվի և Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում «իսպառ դադարեցնի նավթի և գազի ներմուծումը» Ադրբեջանից։

Պատգամավորները կոչ են անում ԵՄ-ին «աշխատել ապահովելու միջազգային երաշխիքներ այն հայերի անվտանգությունն ապահովելու համար, որոնք դեռեւս շարունակում են ապրել ԼՂ-ում, ինչպես նաև վերականգնել հումանիտար ամբողջական մուտքը տարածաշրջան», և էապես ավելացնել մարդասիրական օգնությունը։

Եվրախորհրդարանը «հիասթափություն է հայտնում» Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի առաջին առաքելության աշխատանքի կազմակերպման կապակցությամբ և կոչ է անում «Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայություն հաստատել ՄԱԿ-ի հովանու ներքո»։

Փաստաթղթում պատգամավորները քննադատում են Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ անտեսելու Եվրախորհրդարանի նախազգուշացումը «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի բացասական զարգացման մասին», ինչպես նաև այն փաստի համար, որ «նրանց գործողությունները դեռևս չեն հանգեցրել է որեւէ դրական արդյունքի»։ Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ-ին և նրա անդամ երկրներին «անհապաղ վերանայել ԵՄ դիվանագիտական ​​և անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

«Եվրախորհրդարանը հիշեցնում է Ադրբեջանին, որ ինքը կրում է ամբողջ պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության և բարեկեցության համար, խնդրում է Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և համապատասխան միջազգային կոնվենցիաների, միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների սկզբունքների... Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է բանաձևում։

Պատգամավորները նաև կոչ են արել Բաքվին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղից ձերբակալված բոլոր հայերին, այդ թվում՝ քաղաքական գործիչներին։