Իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ» շաբաթ վաղ առավոտյան Գազայի հատվածից զանգվածային հրթիռակոծությունից հետո։ Այս մասին ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է պատերազմի պատրաստության վիճակ։ Իսրայելի քաղաքացիներից հարավային և կենտրոնական շրջաններում պահանջվում է մնալ ապաստարանների մոտ, իսկ Գազայի հատվածի մերձակայքում՝ ապաստարանների ներսում: Ներկայում Գլխավոր շտաբի պետը գնահատում է իրավիճակը և հաստատում բանակի գործողությունների շարունակման ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Շաբաթ առավոտյան երկրի բազմաթիվ վայրերում` ներառյալ Թել Ավիվի տարածքում և նրա շրջակայքում, ահազանգերը շարունակաբար հնչում են՝ սկսած Երևանի ժամանակով ժամը 07:28-ից: Տեղի ունեցողի ֆոնին երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հավանություն է տվել պահեստազորայինների հավաքագրմանը։